Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության եւ սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարեւորությունը»,-ասվում ՀՀ ԱԳՆ հաղորդագրության տեքստում:
Դրանում նշվում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցերին անդրադառնալով Միրզոյանը վերահաստատել է «գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետեւողական մոտեցումը»: