Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերի 1-ից կթանկանա։ Որոշումը Երեւանի ավագանու նիստում ընդունվեց երեկ՝ մարտի 12-ին։
«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ փետրվարի սկզբին էր շրջանառության մեջ դրել տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ սահմանող նախագիծը։ Երկար քննարկումներից հետո հանրության շրջանում քննադատության արժանացած նախագիծը հանվել էր հերթական նիստի օրակարգից, որպեսզի լրամշակվի։ Փաստորեն, քաղաքային իշխանությունն անդրդվելի է․ ընդամենը մեկ ամիս անց այս որոշումն ընդունվեց։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեւանցիներին հորդորեց ծանոթանալ նախագծին․ շուտով նաեւ կայքում կհրապարակվի մի հաշվիչ, որը քաղաքացիներին հնարավորություն կտա պլանավորելու հանրային տրանսպորտի վրա արվող ծախսերը։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ եւ վախենալու թանկացումները, որոնց մասին բարձրաձայնվել է նախկինում եւ այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ավինյանը։
Նա հիշեցրեց՝ բազմակի օգտագործման տոմսը նույնիսկ 100 դրամից ավելի էժան է լինելու։
Ընդամենը մեկ փաստ կարելի է արձանագրել․ այն քաղաքացիները, որոնք ամեն օր չեն օգտվում տրանսպորտից, 100 դրամի փոխարեն 300 դրամ պիտի վճարեն։
Չնայած քաղաքապետի անհոգ լավատեսությանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ լրագրողներին ասաց՝ Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կարող է էական ազդեցություն ունենալ գնաճի վրա։ Այս թանկացումը կարող է հանգեցնել պահանջարկի փոփոխության։
Ֆեյսբուքյան զայրացած օգտատերերը գրառումներ են անում տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ՝ նշելով, որ երբեմն 20-30 րոպե ստիպված են լինում տրանսպորտի սպասել, մի կերպ խցկվել լեփ-լեցուն ավտոբուսի մեջ, բայց արի ու տես՝ գինը պիտի թանկանա։
Օգտատեր Վահե Գեւորգյանը գրում է․ «Ժող ջան, տրանսպորտը չի թանկանալու, հակառակը՝ էժանանում է, դուք ուղղակի հաշվել չգիտեք։ Իսկ օրը 6-20 անգամ օգտվողների համար ընդհանրապես 10 դրամ է դառնում»։ Այս գրառմանը մեկնաբանություն է գրել Գրիգոր Երիցյանը․ «Մենակ իրենք հաշվել գիտեն», իսկ Արփինե Նավասարդյանը կարծում է՝ այս որոշումը կայացնողներն այնքան են կտրվել հասարակությունից, որ չեն պատկերացնում՝ 8800 դրամը քիչ փող չէ։
Օգտատեր Արթուր Չախոյանն էլ հիշեցնում է՝ է 2013 թվականին այսօրվա իշխանության ներկայացուցիչները իբր ժողովրդի շահերի մասին մտածելով՝ պայքարում էին տրասպորտի թանկացման դեմ։ «ժողովրդի սրտից խոսելով՝ խաբելով եկան իշխանության ու ժողովրդին տրված խոստումների ճիշտ հակառակն արեցին»,- գրում է օգտատերը։ Այս գրառման տակ Արամ Խաչատրյանը մեկնաբանություն է գրել․ «Ուզում եք, 1000 դրամ սարքեք, ես մեկ է, 100 դրամ եմ տալու»։ (Ի դեպ, 2013 թվականին այսօրվա իշխանության ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորում էին հենց այդպես անել, ասում էին՝ էական չէ, որ տրանսպորտի գինը 200 դրամ է դարձել, պետք է վճարել 100 դրամ):
Օգտատեր Հրաչ Ղալեչյանն էլ իր մեկնաբանությունում գրում է․ «Իշխանությունները լավ են անում, մեր ժողովրդին տեղն է»։
Կան ֆեյսբուքահայեր, որոնք կարծում են՝ այս իշխանությանն ընտրած քաղաքացիների համար սա ճիշտ որոշում է, դեռ ավելի շատ արժեր թանկացնել։
Անի Ներկարարյանն էլ գրում է, որ տրանսպորտի գինը 100 դրամի փոխարեն դառնալու է 300 դրամ, Արա Ղազարյանն այս գրառման ներքո մեկնաբանությամբ իր կարծիքն է արտահայտել․ «Իսկ ինչո՞ւ երեք, արդար կլիներ, եթե հինգ անգամ թանկացնեին», Արթուր Հակոբյանն էլ գրել է՝ ապրի Ավինյանը։ Մեկ ուրիշ օգտատեր էլ կարծում է՝ ինչքան թանկ, այնքան լավ։ Ալիկ Գասպարյանը հավելել է․ «Նախկիններն են մեղավոր, հատկապես Ադամն ու Եվան»։
Լենա Հայը լուսանկար է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները մի կերպ խցկվում ավտոբուսի մեջ։ Այսպիսի պատկեր կարելի է տեսնել տարբեր կանգառներում կանգնելով՝ օրվա պիկ ժամերին։ Սա, իհարկե, ամենեւին զարմանալի տեսարան չէ։ Օգտատերը հիշեցնում է՝ ավտոբուսներում նույնիսկ տեղ չի լինում, որ մարդիկ շարժվեն։ Ներսում գտնվողները մի կերպ խցկված, կանգնած են լինում, դրսից մարդիկ գոռում են, առաջացե՛ք, մինչդեռ առաջանալու տեղ չկա ախր․․․
Եվա Թովմասյանն էլ հիշեցնում է՝ տրանսպորտից օգտվելու տարեկան փաթեթն արժե 110 հազար դրամ։ Մարդիկ չեն կարող ընտանիքի ամեն անդամի համար 110 հազարական դրամ վճարել ամեն տարի։ Ըստ օգտատիրոջ՝ ոմանք ստիպված են լինելու վարկով ավտոբուսի տոմս գնել։ «Գոնե «փակովի» տոմս գնելու հնարավորություն լինի»,- հույս է հայտնում օգտատերը։
Արսեն Սարգսյանն էլ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ ավտոբուսը լեփ-լեցուն է։ Քաղաքացին դիմում է Տիգրան Ավինյանին․ «Այսպիսի սպասարկման որակ ունեցող տրանսպորտի գի՞նն եք թանկացնում, կամ ո՞ւմ վճարած հարկերի շնորհիվ եք գնել ավտոբուսները»։
Հիշեցնենք տրանսպորտի տոմսերի սակագները․
90 րոպենոց տոմս՝ 280-300 դրամ արժողությամբ, 3 ուղեւորության հնարավորությամբ
մեկ օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղեւորության հնարավորությամբ
յոթ օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղեւորության հնարավորությամբ
մեկ ամսվա համար՝ 2100-2200 դրամ՝ 10 ուղեւորության հնարավորությամբ
կներդրվեն նաեւ 30 օր (8800-9000 դրամ), 90 օր (23600-24000 դրամ) եւ 365 օր (88000-90000 դրամ) երթեւեկելու հնարավորությամբ տոմսեր։
Էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը։ Օրինակ՝ 90 րոպեանոց տոմսը էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու համար պետք է վճարել 280 դրամ, իսկ ֆիզիկականն արժե 300 դրամ։
Զեղչեր կգործեն ուսանողների, սոցիալապես անապահով եւ այլ հատուկ խմբերի համար։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։