Եվրախորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության կդրվի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման անհրաժեշտության, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին բանաձեւը։
Փաստաթղթի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
Դրանում նշվում է, որ ԵՄ «թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի շահագրգռվածության եւ իր ժողովրդավարությունը ամրապնդող կայուն բարեփոխումների ճանապարհը շարունակելու դեպքում, կարող է հիմք ստեղծվել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»:
Փաստաթղթում ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անկեղծորեն ներգրավվել համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ Արցախի հայերի հետ, ապահովելու նրանց իրավունքների հարգանքը, երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տները արժանապատիվ ու ապահով կերպով վերադառնալու, հողի եւ սեփականության իրավունքները։
Բացի այս Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել ադրբեջանական գերության մեջ պահվող բոլոր անձանց եւ ՄՔԴ դատարանի որոշման համաձայն վերացնել ռասայական խտրականության բոլոր ձեւերը։
Եվրախորհրդարանի պատգամավորների ներկայացրած նախագծում առաջարկվում է վերահաստատել ԵՄ դիրքորոշումը եւ դատապարտել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք ադրբեջանական ռազմական ներխուժումը եւ դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ պահանջել ադրբեջանական զորքերը դուրս բերել ՀՀ ողջ ինքնիշխան տարածքից։
Պատգամավորները կոչ են անում Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին եւ Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաեւ քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջեւ շփումների, սեկտորային ինտեգրման ոլորտներում։