Դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` հավելելով, որ այդ հարցով Երեւանից ստացվել է միայն միջգերատեսչական ծանուցում։
«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կայացվելու են միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա եւ, նախնական առումով, ցանկանում ենք նշել, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երեւանի անբարյացակամ քայլերի եւ հավաստիացումների ֆոնին»,-հայտարարել է Զախարովան եւ ավելացրել, որ «դժվար թե նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության շահերին»։