Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Գերմանիայի տնտեսությունը, Քյոլնի տնտեսական ինստիտուտի հաշվարկներով, կրել է մոտ 300 միլիարդ եվրոյի վնաս:
Ինստիտուտի ղեկավար Միքայել Հյութերի կարծիքով վնասների վերականգնումը տարիներ կտեւի:
«Պատվաստման տեմպերն աճում են, դա տնտեսության համար ոչ պակաս կարեւոր ազդանշան է: Սակայն պատրանքներ չպետք է ունենանք, թե ճգնաժամն էլ ոչ մի հետք չի թողնի: Կորոնավիրուսի համավարակը եթե չլիներ, մեր տնտեսությունը զգալի աճ կարձանագրեր»,- ասում է Միքայել Հյութերը:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով Գերմանիայում վարակվածների թիվը կազմում է ավելի քան 3,6 միլիոն մարդ, որոնցից 87000-ի կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսության վնասները կազմել են ավելի քան երեք ու կես տրիլիոն դոլար, ինչը կրկնակի շատ է 2008-ի համաշխարհային ճգնաժամի հասցրած վնասից:
Ըստ նրա՝ դա ազգային տնտեսությունների եւ միջազգային ինստիտուտների դիմացկունության լրջագույն փորձությունն էր:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում ՔՈՎԻԴ-19-ով վարակվել է ավելի քան 165 միլիոն մարդ, համավարակը խլել է ավելի քան երեք ու կես միլիոն մարդու կյանք: