Ղրղզստանի խորհրդարանը մարտի 14-ին ընդունել է «Օտարերկրյա ներկայացուցիչների մասին» օրինագիծ, որը հիմնականում արտագրված է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքից։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայությունը։
Խորհրդարանի 90 պատգամավորից օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 60-ը, դեմ՝ 5-ը, իսկ մնացածները ուղղակի չեն ներկայացել նիստին։
Ղրղզական Kloop պարբերականը գրում է, որ օրինագիծը հաստատվել է երկու րոպեում՝ առանց քննարկման։
Օրինագիծը թույլ է տալիս ուժեղացնել պետական վերահսկողությունը ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ արտերկրից ֆինանսավորում ստացող եւ քաղաքական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները հայտարարվում են «օտարերկրյա ներկայացուցիչներ» եւ ներառվում հատուկ գրանցամատյանում։
Նման ՀԿ-ներից կպահանջվի լրացուցիչ հաշվետվություններ ներկայացնել Ղրղզստանի իշխանություններին։ Ըստ նոր օրենքի ՀԿ-ները կարող են ենթարկվել չնախատեսված ստուգումների:
Բացի այդ, «օտարերկրյա ներկայացուցիչները» ստիպված կլինեն իրենց հրապարակումներն ուղեկցել ռուսականին նմանվող ցուցանակով։
Հիմնավորելով օրենքի անհրաժեշտությունը՝ դրա հիմնական աջակից պատգամավոր Նադիրա Նարմատովան հայտարարել է, որ ՀԿ-ները տարեկան դրամաշնորհներ են ստանում իրենց նախագծերի համար, բայց չեն հայտնում, թե ինչի վրա են դրանք ծախսում։
Օրինագծի նախնական տարբերակը, ըստ BBC-ի ռուսական ծառայության, 69%-ով համընկել է ռուսական օրենսդրության մեջ առկա համանման օրենքի հետ, եւ նույնիսկ պարունակել է քրեական պատասխանատվության մասին դրույթ, որը հետագայում հեռացվել է։
«Ազատության» ղրղզական ծառայությունը նշում է, որ հասարակությունն, ակտիվիստներն ու միջազգային կազմակերպություններն, այդ թվում՝ Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը, քննադատել են օրինագիծը եւ կոչ արել պատգամավորներին չընդունել այն: Կառույցները ընդգծում են, որ օրենքը կարող է հանգեցնել Ղրղզստանում ՀԿ-ների մեծ մասի փակվելուն եւ միջազգային դոնորների կողմից երկիրը լքենուն: