Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար»,-ասել է Ստանոն ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ դռները բաց են Հայաստանի համար։
ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը հիշեցրել, որ երբ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն վերանայվում է անդամ երկրների կողմից, այնուհետեւ կայացվում է համապատասխան որոշում «ԵՄ պայմանագրերի եւ սահմանված չափանիշների հիման վրա»։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ԵՄ գործադիր մարմիններին Հայաստանի շահագրգռվածության դեպքում դիտարկել միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։