Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 14-ին ֆրանսիական TF1 եւ France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում բացատրություններ է ներկայացրել՝ կապված արեւմտյան երկրներից Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հեռանկարի մասին իր վերջին հայտարարության հետ։
«Մենք նպատակ ունենք՝ Ռուսաստանը չի կարող եւ չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե ամեն բան վատթարանա պատասխանատվությունը կկրի Ռուսաստանը»,-ասել է Մակրոնը եւ հավելել․ «Ուկրաինայում ծավալվում է պատերազմ, որը էկզիստենցիալ նշանակություն ունի մեր՝ Եվրոպայի եւ Ֆրանսիայի համար։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի հետ, բայց պետք է հստակ հայտարարենք․ չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի»։
Ըստ Ֆրանսիայի նախագահի ռուսական կողմի հաղթանակի դեպքում ֆրանսիացիների կյանքը կփոխվի, իսկ Եվրոպան այլեւս ապահով չի լինի։
«2024 թվականի սկիզբը մեզ համար պետք է նշանակի նոր սկիզբ»,- ասել է Մակրոնը եւ նշել, որ պետք է շարունակել աջակցության ցուցաբերումը Ուկրաինային։ Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը առաջարկում է եվրոպական երկրների կոալիցիա ստեղծենլ հրթիռներ եւ զինամթերք մատակարարելու համար։
Հարցազրույցի ընթացքում Մակրոնը կրկին կրկնել է իր այն ձեւակերպումը, թե «չի բացառում» ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելը, սակայն նշել է, որ այս պահին այդ մասին խոսք չկա, եւ ամեն դեպքում իրենք չեն մասնակցի ոչ մի հարձակողական գործողության։
Ֆրանսիայի նախագահը հաջորդիվ հիշեցրել է, որ երկիրը տուժում է գազի գնի, հացահատիկի գների եւ տնտեսական շղթաների հետագա խզումների հետեւանքներից։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կնվազի «զրոյի»։
Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքների մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ միջուկային զենքը «սպառնալիքի զենք» չէ, դրանք անվտանգության գործիքներ են։ «Մեր միջուկային ներուժը ապահովում է մեր անվտանգությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Հաջորդիվ Մակրոնն անդրադարձել է Պուտինի հետ երկխոսության հնարավոր շարունակման թեմային։ Ֆրանսիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ի վերջո գալու է այն օրը, երբ երկու երկրները կրկին քննարկեն երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կլինի նախագահը։