Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկությունը տեղի կունենա երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։
Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում եւ Չուկոտկայում։ Քվեարկության հիմնական օրը մարտի 17-ն է՝ կիրակի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ Ռուսաստանի մարզերում կա գրեթե 94 հազար ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն ամեն օր տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն։ Քվեարկության համար պատրաստվել է ավելի քան 113,5 միլիոն քվեաթերթիկ։
29 մարզերի ընտրատեղամասեր լրացուցիչ կազմակերպել են հեռավար էլեկտրոնային քվեարկություն (ՀԷՔ)։ Փետրվարի 25-ից երկրի դժվարամատչելի վայրերում արդեն տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն, նույնը կազմակերպվել էր նաեւ մարտի 1-ին՝ արտերկրում գտնվող ռուսաստանցիների համար (բաց էր 269 ընտրատեղամաս)։ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով վաղաժամ քվեարկություններին մասնակցել է 2,3 միլիոն ընտրող։
ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն նաեւ Ուկրաինայից բռնակցված Ղրիմի թերակղզում, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում։
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել օկուպացված տարածքներում բնակվող համաքաղաքացիներին չմասնակցել ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը։ Իսկ Գերագույն Ռադան դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով դատապարտել Ուկրաինայի օկուպացված հատվածներում ընտրությունների անցկացումը։
Ընտրություններին մասնակցում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը (հինգերորդ ժամկետով), համակարգային կուսակցությունների ներկայացուցիչներ Լեոնիդ Սլուցկին (Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցությու), Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ» կուսակցություն):
Պուտինի մրցակիցները նախընտրական քարոզարշավի ընթացքում զերծ են մնացել նրան քննադատելուց։ ՌԴ ԿԸՀ-ն թույլ չի տվել ընտրություններին մասնակցել ընդդիմության ոչ մի ներկայացուցչի կամ հակապատերազմական դիրքորոշում ունեցող թեկնածուի։
Նախագահ Պուտինի հաղթանակը, ով ըստ էության վերահսկում է երկրի իշխանության բոլոր լծակները, համարվում է գրեթե կանխորոշված։ Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էին, որ նախագահի աշխատակազմը ցանկանում է ապահովել Պուտինի հաղթանակը առնվազն 80 % արդյունքով՝ ընտրողների բարձր մասնակցությամբ։ Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 75%-ը պատրաստ է քվեարկել գործող նախագահի օգտին։
ԿԸՀ-ն քվեարկության առաջին արդյունքները կհրապարակի Կալինինգրադի ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ մարտի 17-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան մարտի 18-ի առավոտյան։
Ռուսական ընդդիմությունն առաջարկել է ընտրությունների օրը անցկացնել բողոքի ակցիա «Կեսօր ընդդեմ Պուտինի» խորագրով։ Մտահաղացումը Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախկին պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկինն է։ Ենթադրվում է, որ մարտի 17-ին բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները ժամը 12։00-ին կհավաքվեն ընտրատեղամասերի մոտ։
«Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային իր աջակցությունն էր ժամանակին հայտնել Ալեքսեյ Նավալնին։ Քաղաքական գործչի մահից հետո նրա դաշնակից Լեոնիդ Վոլկովը «Կեսօր ընդդեմ Պուտինի» հանրահավաքին մասնակցելն անվանել է «Ալեքսեյ Նավալնիի քաղաքական կտակը»։
Քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան, կոչ է արել ռուսներին մասնակցել «Կեսօրն ընդդեմ Պուտինի» քարոզարշավին, իսկ արեւմտյան երկրներին՝ չճանաչել Ռուսաստանում ընտրությունների արդյունքները եւ Վլադիմիր Պուտինին չհամարել որպես պետության օրինական ղեկավար։