Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հույս ունի։ Այս մասին նա հայտարարել է մարտի 15-ին Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան եւ կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը շրջադարձային կլինի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համար»,-ասել է Դարչիաշվիլին եւ հավելել, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը եւ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կառուցողական համագործակցությանը։
Խոսելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրներն էլ Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներն են։
Ըստ Դարչիաշվիլիի բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, առեւտրի, պաշտպանության, մշակույթի, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։