Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է մարտի 15-ին Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել»,-ասել է Բայրամովը։
Նրա խոսքերով Բաքուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ «Մեր տեսակետն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար պետք է հարգվեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ըստ Բայրամովի խաղաղության հաստատման գործընթացում առաջընթացի համար միջազգային հանրությունը «պետք է դրական քայլեր ձեռնարկի Հայաստանին ռազմաքաղաքական ռեւանշիստական միտումներից զերծ պահելու համար եւ խրախուսի ադրբեջանական կողմի հետ ազնիվ ու բաց երկկողմ բանակցություններ վարել»։