2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ: ՄՔԴ-ի իրավազորությունը ճանաչելուց եւ Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո Հայաստանում քննարկումներ են ծավալվում, թե ինչ լիազորություններ ու հնարավորություններ ունի ՄՔԴ-ն, ինչպես են աշխատում մարդկության դեմ ուղղված եւ միջազգային հանցագործությունների պատժիչ մեխանիզմները։
ՄՔԴ-ն հիմնադրվել է 1998 թվականին ընդունված Հռոմի ստատուտի հիման վրա եւ իր աշխատանքները սկսել է 2002 թվականին։ Դա քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմինն է, որի իրավասության մեջ են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումը։ Նիդեռլանդներում՝ Հաագայում, գտնվող այս կառույցի առաքելությունն է ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատիժ չթողնել։ ՄՔԴ-ն անկախ միջազգային կազմակերպության կարգավիճակ ունի եւ ՄԱԿ-ի կառույցի մաս չէ։
Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն, պրոֆեսոր-դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի պատվիրակությունը Հայաստան է ժամանել։ Պատվիրակության անդամները լրագրողների հետ հանդիպում-քննարկում ունեցան։
Պրոֆեսոր Զաֆերլինգը նշեց, որ ՄՔԴ-ի անդամ պետությունների ներպետական օրենսդրությունը եւս կարեւոր է, յուրաքանչյուր երկիր պարտավորություններ ունի։
«Պետությունը պետք է կարողանա անել ցանկացած անհրաժեշտ քայլ արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար։ Յուրաքանչյուր երկիր պետք է այնքան հզորացնի իր իրավական համակարգը, որ ՄՔԴ դիմելու անհրաժեշտություն չունենա՝ բացի կարեւոր, խորհրդանշական գործերից։ ՄՔԴ-ի դատախազի գրասենյակը կարող է շատ օգտակար լինել, բայց չպետք է մոռանալ, որ միջազգային քրեական հանցագործությունների դեպքում պետությունն էլ պետք է աշխատանք կատարի, հետաքննություններ իրականացնի»,- ասաց Զաֆերլինգը։
Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների մեղավորներին պատժելու, Ալիեւին ռազմական հանցագործ ճանաչելու հայցով Հայաստանը կարող է դիմել ՄՔԴ։ Առայժմ նման գործ չի նախաձեռնվում։
Եթե Հայաստանը դիմի Միջազգային քրեական դատարան եւ դատարանն Ադրբեջանի նախագահին ձերբակալելու որոշում կայացնի, Ալիեւը չի կարողանալ Հռոմի ստատուտի անդամ 122 պետություններ այցելել, այդ դեպքում կձերբակալվի։
ՄՔԴ կարող են դիմել ոչ միայն պետությունները, այլեւ հասարակական կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։ Երբ արդեն դատավարություն անցկացվի, զոհերը կարող են դիմել դատավարությանը մասնակցելու համար։
«ՀԿ-ները կարող են օգնել անհատերին որպես զոհ՝ դիմել ՄՔԴ։ Զոհերը կարող են դրամական փոխհատուցում ստանալ կամ մեղավորները նրանցից կարող են հրապարակավ ներողություն խնդրել»,- մանրամասնեց Նյուրնբերգյան Սկզբունքների Միջազգային Ակադեմիայի միջազգային քրեական իրավունքի, միջազգային մարդու իրավունքի եւ անցումային արդարադատության ոլորտների ավագ աշխատակից Դարլին Սեդան։
ՄՔԴ-ն լիազորություն չունի որեւէ երկրի պարտադրելու հետ քաշել զորքերը մեկ այլ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքից (այսինքն՝ ՄՔԴ-ն չի կարող Ադրբեջանին պարտավորեցնել հետ քաշել իր զորքերը ՀՀ տարածքից)։
2022 թվականին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը վճիռ կայացրեց այն մասին, որ Արցախում Բերձորի միջանցքը պետք է բացել, շրջափակումն անթույլատրելի է։ Ադրբեջանն անտեսեց այս որոշումը։ Հարց է առաջանում․ Միջազգային քրեական դատարանի պարագայում կա՞ մեխանիզմ, որը պատերազմական հանցագործին կարող է պարտադրել կատարել դատարանի վճիռը։
Ի պատասխան այս հարցի՝ Դարլին Սեդան ասաց՝ ՄՔԴ-ում կա զոհերի հավատարմագրման ֆոնդ, որի ֆինանսական միջոցները գոյանում են կամավորների շնորհիվ, ՄՔԴ անդամ պետությունների նվիրատվություններից։ Զոհերը կարող են այս ֆոնդից ֆինանսական փոխհատուցում ստանալ։ Սովորաբար նրանք չեն ստանում այն, ինչ սահմանում է դատարանը։
«Այդ դրամական միջոցների տրամադրումը զոհերից ներում խնդրելու ինչ-որ ձեւ է, իսկ նրանցից ներում խնդրելու մասին որոշումը, սովորաբար, ի կատար չի ածվում, այսինքն՝ մեղավորները ներողամտություն չեն հայցում այս մարդկանցից»,- մանրամասնեց Դարլին Սեդան։
Պատերազմական հանցագործություններին վերաբերող դատավարությունները երբեմն կարող են տասնյակ տարիներ ընթանալ։ Գերմանիայում կան դատավարություններ, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարած անձանց։ Նրանք ավելի քան 95 տարեկան են։ Հնարավոր է, ենթադրենք, մեկ տարի հետո դատարանը որոշում կայացնի, եւ մեղավորները պատժվեն։ Ըստ Դարլին Սեդայի՝ այս փաստը ցույց է տալիս, որ պատերազմական հանցագործություն կատարողը ի վերջո կարող է պատժվել։
Նյուրնբերգյան սկզբունքների Միջազգային Ակադեմիայի միջազգային քրեական իրավունքի ավագ աշխատակից, գերմանա-հայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային քրեական իրավունքի, միջազգային իրավական կարգավորման եւ մարդու իրավունքների ոլորտների դասախոս Գուրգեն Պետրոսյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի նախագահը հաճախ ասում է՝ իր պետության գործն է, ինքը կորոշի՝ ինչ անել։ Այսպիսի արտահայտություններ անելը եւս ցույց է տալիս, որ նա միջազգային իրավունքն անտեսում է։
«Հայաստանը դեռ 90-ականներից պիտի միացած լիներ այս գործընթացին, պիտի դառնար ՄՔԴ անդամ պետություն, քանի որ այսպիսի գործերի քննությունները շատ երկար են տեւում։ Մենք չորս, հինգ, վեց տարի հետո կարող ենք տեսանելի արդյունք ունենալ»,- ասաց Գուրգեն Պետրոսյանը։
2024 թվականի փետրվարին Մոսկվայում ձերբակալվեց ադրբեջանցի ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալլին, որի նկատմամբ ՀՀ-ն միջազգային քրեական հետախուզում էր հայտարարել, բայց կարճ ժամանակ անց նա ազատ արձակվենց։ Ըստ Գուրգեն Պետրոսյանի՝ սա մեսիջ էր, որ պատերազմական հանցագործություն կատարողն անպատժելի չէ։ Միգուցե, այս դեպքերը տեսնելուց հետո որոշ մարդիկ ավելի շատ մտածեն պատերազմական գործողություն կատարելուց առաջ։
«Զեյնալին Ինսթագրամում միլիոնավոր հետեւորդներ ուներ․ դա ֆինանսական միջոցների աղբյուր է։ Նա նախկինում հրապարակումներ էր անում, ցույց տալիս՝ որտեղ է, ինչ է անում, ինչ հիանալի կյանքով է ապրում։ Բայց հիմա նա էջը փակել է, որ իր նկատմամբ հետապնդում չլինի։ Էջը արգելափակելով՝ բնականաբար, նա որոշ ֆինանսական միջոցներից է զրկվել։ Այսինքն՝ ինչ-որ զսպող բան եղել է, որոշակի արդյունք կա»,- եզրափակեց Գուրգեն Պետրոսյանը։
Նա վստահեցրեց՝ պատերազմական հանցագործություն կատարող յուրաքանչյուր անձ պիտի գիտակցի՝ մի օր պատժվելու է։
«Ալիք Մեդիա»-ն քննարկման ընթացքում հարց ուղղեց Զաֆերլինգին․ իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերն՝ այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներն, ազատ արձակվեն։ Արդո՞ք ՄՔԴ-ն այս հարցում կարող է լծակներ կիրառել։ Զաֆերլինգը պատասխանեց՝ նախ պետք է պարզել, թե նրանք ինչ կարգավիճակ ունեն։ «Ռազմագերի» եզրույթն իրավական է, այսինքն՝ պետք է պայմաններ լինեն, որոնց կհամապատասխանեն այդ մարդիկ՝ ռազմագերի ճանաչվելու համար։
«Միգուցե այս մարդիկ մեղադրվում են այլ հանցագործությունների համար․․․ Ես բավական փաստեր չունեմ դա ասելու համար։ Բայց, ինչ վերաբերում է ռազմագերիներին, նրանց նկատմամբ պիտի համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի, նրանց պիտի հարգեն, որովհետեւ նրանք հանցագործ չեն։ Ռազմագերիները որոշակի առավելություններ ունեն միջազգային իրավունքով։ Սովորաբար այսպիսի «ավանդույթ» կա․ ի վերջո ռազմագերիների փոխանակում է լինում։ Յուրաքանչյուր կողմ պետք է հարգի միջազգային օրենքները, որոնք վերաբերում են ռազմագերիներին»,- եզրափակեց Զաֆերլինգը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։