Հայաստանում տարածքային կառավարման ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են արվել։
2023 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Շիրակի մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունների կանոնադրությունը։ Ապրիլի 1-ից Շիրակի մարզպետի աշխատակազմում նախկին 14-ի փոխարեն 10 ստորաբաժանումներ են գործում, 132 հաստիքներն էլ կրճատվել են՝ հասնելով 98-ի։
Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը վստահեցնում է, որ բաժինները միավորելու եւ նոր կարգով աշխատելու պահանջը վաղուց էր հասունացել։ Այն կառուցվածքը, որով մարզպետարանները գործում էին, 1996 թվականին Հանրապետության նախագահի հրամանով էր սահմանված եւ հարմարեցված էր նախագահական կառավարման մոդելին։
Աշխատակազմի քարտուղարը բացատրում է՝ ստորաբաժանումները ոչ թե փակվել-վերացել, այլ միաձուլվել են: Մարզպետի աշխատակազմում ղեկավար 35 պաշտոններից 20-ը կրճատվել են, աշխատողները, սակայն գործազուրկ չեն դարձել, անցել են մասնագիտական աշխատանքի։
«Մարզպետարաններում ղեկավարներն ավելի շատ էին, քան աշխատակիցները,-ասում է Աբրահամյանն ու շտապում լավ լուր հաղորդել,-կրճատվելիք հաստիքներից շատերը համալրված չէին՝ թափուր էին, շատ քչերն են աշխատանքից ազատվելու վտանգի տակ, բայց նրանց էլ որոշակի այլընտրանք կառաջարկվի»։
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը չի շտապում ուրախանալ բարեփոխումներից։ Նա գտնում է, որ Հայաստանում տարածքային կառավարումը կայացած չէ, չկա հայեցակարգային մոտեցում: «Այս մեկ տարվա ընթացքում լիարժեք որեւէ մասնակցային քննարկում չի եղել նոր փոփոխությունների վերաբերյալ, ժողովրդին ոչ ոք չի լսել»:
Իրավապաշտպանը լավատես չէ բարեփոխում ասվածի հանդեպ։ «Ոչ բոլոր բարեփոխումներն են բարեփոխում, թե որքան է դա բարի, ժամանակը ցույց կտա։ Այս կանոնադրությունը ուշացած է, քանի որ համայնքները խոշորացվել են, մարզպետարանների գործառույթը նվազել»։
«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանն էլ դժգոհ է, որ բարեփոխումների արդյունքում մարզպետի աշխատակազմում կադրային փոփոխություններ չկան։ «Առնվազն մասնագետների փոփոխություններ էր պետք անել, որ կառույցը դառնար ավելի գործունակ: Նույն մարդիկ նոր փոփոխություններ անել չեն կարող»։
Պետրոսյանը կարեւոր մի փաստի մասին եւս դիտարկում է անում․ «Մարզերն ունեն առանձնահատկություններ, տարբեր խնդիրներ, բայց մեզանում բոլոր մարզպետների աշխատակազմերում նույն գործելաոճն ու կառուցվածքն է գործում։ Պետք է ֆունկցիոնալ տարբերություններ լինեն մարզպետարաններում»։
Թե որքանով նոր փոփոխությունները տեսանելի արդյունք կտան, դեռ հայտնի չէ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։