Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը այլ պետությունների անդամակցության հնարավորության մասին հարցը:
«Իզվեստիային» տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, մեկնաբանելով ՀԱՊԿ-ին այլ պետությունների անդամակցության հարցը, ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները բոլորի համար պետք է բաց լինեն։
«Միակ բանը, որ կարող է սահմանափակել անդամակցությունը, ՀԱՊԿ կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու համար թեկնածու երկիրը անդամների միջեւ դիվանագիտական հարաբերություններ պետք է ունենա։ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ նման հարաբերություններ դեռեւս չկան»,- ասել է Ռուդենկոն։
Նա հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ վաղ թե ուշ այդ հարաբերությունները կհաստատվեն, ու այդ ժամանակ հարցը կարող է այս կամ այն կերպ գործնական հարթություն մտնել:
Խոսելով ՀԱՊԿ Ուզբեկստանի վերադարձի մասին՝ Ռուդենկոն հիշեցրել է, որ այդ երկիրը պաշտոնապես ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, սոսկ դադարեցրել է իր մասնակցությունը: Եթե պաշտոնական Տաշքենդը վերադառնալու ցանկություն ունենա, վերադարձը բավական հեշտ կիրագործվի։
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում, 2002-ին որոշում է ընդունվել համապատասխան կազմակերպություն ստեղծելու մասին: ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը ու Տաջիկստանը։ Վերջինս 2020-2021 թվականներին նախագահում է կազմակերպությունում: