Հունգարիան պետք է ավելի մեծ ազդեցություն ստանա Եվրամիությունում եւ քաղաքականապես «օկուպացնի» Բրյուսելը, որտեղ տեղակայված են եվրոպական հիմնական մարմինները, եթե ցանկանում է պահպանել իր ազատությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով 1848 թվականի Հունգարիայի հեղափոխության հերթական տարելիցին նվիրված գալա միջոցառմանը։
«Եթե մենք ցանկանում ենք պահպանել Հունգարիայի ազատությունն ու ինքնիշխանությունը, մենք այլ ելք չունենք, քան գրավել Բրյուսելը։ Մեզ համար ազատությունն այն է, երբ քո գլխին տեր չկա», — հայտարարել է Օրբանը՝ նկատի ունենալով եվրոպական կառույցներում ազդեցության մեծացումը։
Հունգարիայի վարչապետի խոսքերով «Արեւմտյան ժամանակակից աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են այնպես, կարծես ոչ մի տեղից են եկել եւ ոչ մի տեղ չեն գնում, դրանով իսկ արդարացնելով պատերազմները, աշխարհի կործանումը եւ ինքնիշխան սահմանների փոփոխությունը, կարծես այդ գործողությունները չունեն հետեւանքներ»։
Նա ելույթում նշել է, որ «հունգարացիներն այլ կերպ են ապրում եւ ցանկանում են շարունակել այլ կերպ ապրել»։
Ըստ Օրբանի 2024 թվականը լինելու է «բեկումնային», քանի որ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում մարդիկ պայքարելու են իրենց ինքնիշխանության համար:
Հունվարի վերջին Օրբանը հայտարարել էր, որ ԵՄ-ն վերջին տարիներին գաղափարական պատերազմ է մղում Բուդապեշտի դեմ։ Նրա խոսքով՝ «Եվրամիությունը գնալով ավելի ու ավելի է շարժվում դեպի իմպերիալիզմ» եւ «ավելի քիչ է նման ինքնիշխան պետությունների համայնքին»։