Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու համար լավ հնարավորություններ կան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ Բաքվում մարտի 17-ի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը սահմանների սահմանազատման հարցի շուրջ, ցույց է տալիս, որ կարգավորման լավ հնարավորություն կա»,-ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ ասել է Ալիեւը եւ կրկնել ավելի վաղ հնչեցրած միտքը․«Այժմ, ավելի քան երբեւէ մոտ ենք խաղաղությանը»։
Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, որ խաղաղության հաստատումը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Հարավային Կովկասի համար, ինչը բերելու է «երկար սպասված ծաղաղությունը»։
Նա նաեւ ընդգծել է, որ Բաքուն այժմ Երեւանի հետ խաղաղությանն ուղղված բանակցությունների ակտիվ փուլում է գտնվում։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ խաղաղության բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Մինչ օրս խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ հայ գործընկերների հետ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ ենք անցկացրել» ,-ավելացրել է Ալիեւը։