Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի մանրամասները հայտնի չեն։
Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին։ Հունվարի վերջին նա այցելել էր նաեւ Ադրբեջան եւ չնախատեսված այց կատարել Նախիջեւան:
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը եւս հայտնել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց մշտական խորհրդակցությունների շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարարը վաղը կայցելի Բաքու, որտեղ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարների հետ»: Այցի հիմնական նպատակն է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր զարգացումներին առնչվող հարցերի քննարկումը:
Այժմ եռօրյա այցով Հայաստանում է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Էսլամին հանդիպումներ կունենա Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի եւ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ: Կքննարկվեն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուն, երկաթուղային եւ այլ ներդրումային նախագծերին իրանական ընկերությունների մասնակցությանը վերաբերող հարցեր:
Թարմացում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստան կայցելի մայիսի 26-ին։