Ռուսաստանի այսպես կոչված բարեկամ մի շարք երկրների ղեկավարներ արդեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որոնցում նա իր թեկնածությունն առաջադրում էր հինգերորդ անգամ՝ քաղաքական իրական մրցակցության բացակայության պայմաններում։
Լրատվամիջոցների եւ ղեկավարների գրասենյակների հաղորդագրություններից երեւում է, որ առաջինը Պուտինին շնորհավորել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում իշխանության օրինականությունը կասկածի տակ է դրվում ԱՄՆ-ի կողմից։ Նշվում է, որ նա Պուտինին կոչել է «մեծ եղբայր» եւ հույս հայտնել, որ նրա հաղթանակը կօգնի կառուցել «բազմաբեւեռ աշխարհ»:
Լատինական Ամերիկայից Պուտինին շնորհավորանքներ են հղել նաեւ Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի եւ Հոնդուրասի առաջնորդները։
Պուտինը շնորհավորանքներ է ստացել նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Մյանմարի ղեկավարներից, որոնց հետ Մոսկվան սերտորեն համագործակցում է զենքի մատակարարման ոլորտում։
ՌԴ նախագահին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը։
Հետխորհրդային երկրներից շնորհավորական զանգեր են կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմամոլի Ռահմանովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզաեւը։
Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Մոլդովայի սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը եւ ընդդիմադիր մոլդովացի քաղաքական գործիչ Իլան Շորը։ Սրան հետեւել է նաեւ Բոսնիայի Սերբական հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի շնորհավորական ուղերձը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ «ընտրությունների այս իմիտացիան ոչ մի լեգիտիմություն չունի եւ չի կարող ունենալ»։ Նրա խոսքով՝ Պուտինը «ուղղակի հիվանդ է իշխանությամբ եւ ամեն ինչ անում է ցմահ կառավարելու համար»։