«2022 թվականին ինձ աշխատանքից ազատեցին, քանի որ արդեն կենսաթշակառու էի։ Իհարկե, դժվար էր դրան համակեպվելը։ Ավելի քան 20 տարի գործավարուհի էի եղել, հետո մի օրում դարձա գործազուրկ տնային տնտեսուհի»,- պատմում է 65-ամյա Աշխեն Դավթյանը, որը մասնագիտությամբ բանասեր է։
Հիմա թոռնիկների մասին է հոգ տանում, երբեմն էլ աշխատանքի գնում։ Սկզբում, երբ տիկին Աշխենին աշխատանքից ազատել էին, նույնիսկ հոգեբանական խնդիրներ է ունեցել։ Այնպիսի զգացողություն էր, որ կյանքը «կիսատ» պիտի ապրեր․ աշխատավայրում նրա կարիքն արդեն չկար, իր մասնագիտական հմտությունների անհրաժեշտությունն այլեւս չունեին։ Հինգ ամիս հետո որոշեց, որ կարող է դիզայներություն սովորել ու նորից աշխատել։
«Ինձ միշտ հետաքրքրել է դիզայներական աշխատանքը։ Մոտ երկու ամիս սովորեցի։ Երկրորդ ամսում սովորելիս նաեւ աշխատում էի։ Հիմա սիրելի աշխատանք ունեմ․ երբ պատվերներ են լինում, գնում եմ դոկորացիաներ պատրաստելու»,- պատմում է տիկին Աշխենը։
Կարեւորը միայն գումար վաստակելը չէ։ Ամենակարեւորը զբաղվածություն, սիրելի աշխատանք ունենալն է, զգալը, որ աշխատավայրում քո կարիքն ունեն, քեզ հարգում եւ գնահատում են։
Գավառի պոլիկլինիկայի 73-ամյա ընտանեկան բժիշկ Լիլիկ Զոհրաբյանը 48 տարի աշխատում է։ Տարիների ընթացքում եռանդը չի պակասել։ Նա էներգիայով լի է, կյանքը չի պատկերացնում առանց սիրելի աշխատանքի։
Թեև մեր երկրում բազմաթիվ տարեցներ կան, որ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո զրկվել են աշխատանքից, բժշկուհին, բարեբախտաբար, այդ խնդրին երբեք չի բախվել։ Աշխատանքը նրա կյանքի մի մասն է։ Իր օրը չի պատկերացնում առանց բուժառուների։
«Որպես բժիշկ եւս կարող եմ ասել՝ աշխատանք, զբաղվածություն, սիրելի զբաղմունք ունեցող մարդու կյանքի որակն ավելի բարձր է, մարդն իրեն օգտակար է զգում։ Անշուշտ, տարիքային խրտականությունը բացասական երևույթ է։ Հույս ունեմ, որ տարիներ հետո չենք լսի, որ մարդն աշխատանքից ազատվել է տարիքի հիմքով»,- ասում է Լիլիկ Զոհրաբյանը։
2023 թվականի դեկտեմբերի 1-ից Աշխատաքային օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ տարիքը չի կարող աշխատանքից ազատելու հիմք լինել։ Այսինքն՝ քաղաքացին կարող է աշխատել նաեւ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո։ Աշխատանքային հարաբերությունները կարող են ավարտվել, եթե աշխատողը չի կարողանում կատարել իր պարտականությունները կամ չունի համապատասխան մասնագիտական որակավորում եւ հմտություններ։ Ընդ որում, աշխատելու դեպքում քաղաքացին չի զրկվում իր կենսաթոշակից․ նա ստանում է ե՛ւ կենսաթոշակ, ե՛ւ աշխատավարձ։ Տարիքով պայմանավորված՝ աշխատանքից հեռացնելը ոչ միայն օրենքի խախտում է, այլեւ տարիքային խտրականության՝ էյջիզմի դրսեւորում։
Երբեմն մարդուն թափուր հաստիքներում չեն դիտարկում տարիքի պատճառով, նույնիսկ այն դեպքում, երբ նրա գիտելիքներն ու կարողությունները բավարարում են այդ պաշտոնը զբաղեցնելու համար։
«ԴատաԱրտ» ընկերության փոխտնօրեն, մարդկային ռեսուրսների կառարվարիչ Իշխան Մարգարյանն ասում է՝ Հաաստանում շատ են դեպքերը, երբ մարդուն աշխատանքից ազատում եմ կենսաթոշակի անցնելուց հետո։ «Հարկավոր է ուշադրություն դարձնել աշխատողի մասնագիտական կարողություններին, հմտություններին։ Արտաքին տվյալները, տարիքը էական չեն։ Դրանք կարծրատիպեր են, որոնք հարկավոր է հաղթահարել»։
Միջազգային պրակտիկայում, այդ թվում՝ ամենահայտնի ընկերություններում մարդկանց տարիքի հիմքով աշխատանքից չեն ազատում։ Այդ մտածելակերպը զարգացած երկրների համար խորթ է։ Եթե աշխատողն ունի էներգիա, արարելու եւ սովորելու ցանկություն, ապա նրա տարիքն էական չէ։
Սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանն իր մասնագիտական պրակտիկայում հանդիպել է մարդկանց, որոնք աշխատանքից հեռացվել են կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո։
«Մի կին մանկապարտեզում որպես դաշնակահար ու երգուսույց էր աշխատել, բայց աշխատանքից ազատել էին 63 տարեկանը լրանալուց հետո։ Մի տարեց մարդ էլ, որն անվտանգության աշխատակից էր եղել, հեռացվել էր, քանի որ գործատուն ասել էր․ «մեծ մարդ ես, քնի պրոբլեմ կունենաս, գործի ժամին կքնես»։ Այսինքն՝ գործատուն միայն իր ենթադրության վրա հիմնվելով՝ քաղաքացուն ազատել էր աշխատանքից»,- պատմում է Մարիամ Բադալյանը։
Քանի որ տարիքի հիմքով աշխատանքից ազատելը համարվում է Աշխատանքային օրենսգրքի խախտում, մարդիկ կարող են իրենց իրավունքները պաշտպանել, անհրաժեշտության դեպքում նաեւ դատարան դիմել։
«Ես աշխատել եմ այնպիսի քաղաքացիների հետ, որոնք աշխատանքից ազատվելուց հետո հոգեբանական խնդիրներ, դեպրեսիա ունեին։ Տասնյակ տարիներ աշխատելուց հետո մարդուն հեռացնում են աշխատանքից։ Նա կոտրվում է, հուսալքվում, սոցիումից կտրվում, սկսում է ապրել միատոն կյանքով, որն էլ հանգեցնում է դեպրեսիայի»,- մանրամասնում է Մարիամը։
Էյջիզմի դրսեւորումները վերջերս փոքր-ինչ նվազել են․ դա կապված է նաեւ ամիսներ առաջ ընդունված օրենսդրական բարեփոխման հետ։ Բայց, այսուհանդերձ, խնդիրը դեռ կա։ Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հասարակության մեջ կոտրվի այդ կարծրատիպը և էյջիզմի դեպքերը հնարավորինս նվազեն։
Առողջ ծերացման համար կարեւոր է, որ մարդն ունենա սիրելի աշխատանք, զբաղվածություն։ Եվ քանի դեռ քաղաքացին կարող է եւ ցանկանում է աշխատել, նրան չի կարելի զրկել այդ հնարավորությունից։
«Ի վերջո բոլորս էլ ծերանալու ենք։ Յուրաքանչյուրս անկախ տարիքից՝ աշխատելու, արարելու, սովորելու ու կայանալու իրավունք ունենք։ Եվ լավ է, որ սա արդեն ամրագրվել է օրենքով»,- եզրափակում է Մարիամ Բադալյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։