Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ Գազայի հատվածի ճգնաժամի կարգավորման բանակցություններում մինչ օրս որեւէ բեկում չի գրանցվել։
«Տեխնիկական խմբերը հանդիպել են, մենք նրանց հետ քննարկել ենք որոշ մանրամասներ: Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել հաջողության կամ որեւէ առաջընթացի մասին: Բայց լավատեսություն կա, բանակցություններն իրականում վերսկսվել են»,- Al Jazeera-ի փոխանցմամբ ասել է Ալ-Անսարին Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ Մոսադի ղեկավար Դավիթ Բարնեայի այցը Քաթարի մայրաքաղաք։
Ըստ նախարարության խոսնակի, Բարնեան «բերել էր Իսրայելի պատասխանը» ՀԱՄԱՍ-ի վերջին առաջարկի վերաբերյալ: Ալ-Անսարին պարզաբանել է, որ խորհրդակցության մասնակիցներն անցել են տեխնիկական ասպեկտների քննարկմանը, սակայն դա չի նշանակում, որ մոտ ապագայում կարող է գործարք կնքվել։
Անդրադառնալով Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի տարածքում Իսրայելի ծրագրած գործողություններին՝ Քաթարի ԱԳՆ խոսնակը նշել է, որ «ցանկացած հարձակում Ռաֆահի վրա բացասաբար կանդրադառնա համաձայնության ձեռքբերման վրա»։
Մարտի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական կողմը մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկը Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարքի առաջարկը՝ անկլավում կրակի դադարեցման դիմաց։ Նույն օրը նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը պարզաբանել է, որ Իսրայելը մտադիր է շարունակել բանակցային գործընթացը՝ պատվիրակություն ուղարկելով Դոհա։
Իսրայելական Kan ռադիոկայանը հայտնել է, որ Բարնեան երեքշաբթի գիշերը Դոհայում բանակցություններ է վարել Քաթարի եւ Եգիպտոսի միջնորդների հետ եւ մարտի 19-ի առավոտյան վերադարձել «հետագա խորհրդակցությունների համար»: