2023 թվականին Պպարեկային ծառայությունը արձանագրել է տրանսպորտային միջոցների ամրագոտու կիրառման կանոնների խախտման մոտ 84 հազար դեպք։ Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի՝ դա մտահոգիչ ցուցանիշ է:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն, ըստ մեկ այլ վիճակագրության, եթե վարորդն ու ուղեւորներն ամրակապված են, նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետեւանքները մեղմվում են»,-Արմենպրեսին ասել է Չիլինգարյանը։
Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի եւ վարորդները չհետեւեն ամրագոտու կիրառման կանոններին, իրավախախտումները հայտնաբերելու համար կօգտագործվեն նաեւ տեսահսկող սարքեր: