Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինա «զորքեր ուղարկել» ասելով՝ նկատի է ունեցել ուկրաինացի զինվորականներին հենց երկրի ներսում նախապատրաստելու համար հրահանգիչների ուղարկում: Այս պարզաբանումը արտասահմանյան լրագրողների հետ զրույցում տվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
«Երբ Մակրոնը խոսում էր Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին: Մակրոնը նկատի ուներ ուկրաինացի զինվորներին ուղղակիորեն Ուկրաինայում, այլ ոչ թե երկրից դուրս վերապատրաստելու հնարավորությունը, ինչպես դա տեղի է ունենում հիմա», — La Stampa թերթի փոխանցմամբ ասել է Կուլեբան։
Կուլեբան հավելել է, որ Կիեւին անհրաժեշտ են զինամթերք, անօդաչու թռչող սարքեր եւ հեռահար հրթիռներ օկուպացված տարածքներում ռուսական հրամանատարության նյութատեխնիկական ապահովման կենտրոնները ոչնչացնելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինային հետագա աջակցության հարցով Փարիզում փետրվարին տեղի ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը, հայտարարել էր, որ «չպետք է բացառել Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը»։
Մարտի 19-ին էլ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Ֆրանսիան պատրաստում է 2000 զինվորականից բաղկացած զորախումբ Ուկրաինա ուղարկելու համար։