Արցախյան հակամարտության կարգավորման եւ ապագայի շուրջ Նիկոլ Փաշինյանի տեսակետներին ծանոթ էի 1997-1998 թվականներից, երբ նա «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության գաղափարակիրն էր, իսկ 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններում գլխավորում էր թեկնածուներից Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբը:
Այն ժամանակ Փաշինյանը ընդամենը 22 տարեկան էր: Ժամանակի ընթացքում մարդիկ կարող են փոխել իրենց աշխարհայացքը, տեսակետներն ու ընկալումները: Իրադարձությունները և հանգամանքները, աշխարհում կատարվող դեպքերը կարող են ազգայնականին մոտեցնել ազատական հայացքների և կամ հակառակը, ոչմիթիզհողականին ու Հայ դատի նվիրյալին՝ հարևանների ու թշնամիների հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու կողմնակիցի:
1997-1998 թվականներին եւ հետագա մի քանի տարիներին, երբ Փաշինյանը խմբագրում էր «Հայկական ժամանակը», նրա գրություններից հասկանալի էր, որ կողմնակից է փոխզիջումներով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սա՝ մեղմ ասած, երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ նա եւ նրա գաղափարական ընկերները լուծում համարում էին նաեւ Արցախը Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարությամբ թողնելու հեռանկարը:
Լրագրողական եւ քաղաքական/պատգամավորական իր գործունեության ընթացքում Փաշինյանն ավելի շատ գրել ու խոսել է ներքաղաքական թեմաներով: ՍիվիլՆեթում աշխատելու 9 տարիների ընթացքում Փաշինյանին 8 անգամ հրավիրել եմ տաղավար՝ զրույցի, որոնցից 7-ը՝ ընդդիմադիր եղած ժամանակ, 1-ը՝ վարչապետ: Այդ զրույցների ընթացքում, բնական է, հարցեր հնչել են նաեւ Արցախի թեմայով, բայց ես ուզում եմ ներկայացնել երեք խոսակցություն նրա հետ, որոնք տեղի են ունեցել տաղավարից դուրս, երեքն էլ՝ արցախյան թեմայով:
2017 թվականի դեկտեմբերի 15-ն էր՝ Թավշյա հեղափոխությունից 4 ամիս առաջ: ՆՓԱԿ-ում Ժերար Շալյանը ներկայացնում էր իր «Հուշերիս հուշերը» գրքի հայերեն թարգմանությունը։ Ներկաների հիմնական մասին ծանոթ չէի: Նկատեցի, որ երկրորդ հարկ է բարձրանում Նիկոլ Փաշինյանը: Մոտեցա, բարեւեցի, զրուցեցինք: Նիկոլը Շալյանին գրեթե չէր ճանաչում: Նրա մասին պատմեցի: Կարդացել էի Շալյանի գրքերից, բացի այդ՝ 2013-ին նրան հասցրել էի Աղդամի առաջնագիծ, որտեղ նրան դիմավորել էր Ջալալ Հարությունյանը, ապա հանդիպել էր Լեւոն Մնացականյանի ու Բակո Սահակյանի հետ:
Մինչ կսկսվեր պարտիզանական պատերազմների լավագույն մասնագետներից Շալյանի շնորհանդեսը Նիկոլին հարցրի, թե ինչպես է պատկերացնում Արցախյան հարցի կարգավորումը: Ես մտածում էի, որ խոսում եմ 1997-1998 թվականների Նիկոլի հետ: Նա ասաց, որ հիմա արցախյան հակամարտությունը լուծում չունի, կողմերը պատրաստ չեն: Շատ զարմացա, հետո հիշեցի, որ 20 տարի է անցել 1997 թվականից:
Երկրորդ անգամ՝ 2019 թվականի հուլիսի սկզբին, Երեւան-Հանոյ օդանավում եղավ մի պահ, երբ առանձին զրուցելու հնարավորություն ունեցա արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խոսակցությանը ներկա էր նաեւ Աննա Հակոբյանը, որն ուղեկցում էր ամուսնուն: Տարբեր թեմաներից զրուցեցինք, այդ թվում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առիթով Ռուսաստանից սպասվելիք արձագանքների շուրջ:
Ես միշտ մտածել եմ ու հիմա էլ եմ այդպես մտածում, որ մենք չպետք է անենք քայլեր, որոնք կարող են արժանանալ ռուսների, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինի հիշաչարությանը: Այստեղ խոսքը Քոչարյանի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության կողմից վճարվելիք հնարավոր գնի, որ կարող է նաեւ շատ թանկ լինել, եւ որեւէ Քոչարյան արժանի չէ նման ուշադրության:
Անկասկած, էթիկայի տեսակետից ազնիվ չէ ներկայացնել զրույցի ճշգրիտ բովանդակությունը, բայց էությունը հետեւյալն էր՝ Արցախի հարցում Իլհամ Ալիեւը պատրաստ չէ փոխզիջումների եւ պահանջում է առավելագույնը: Մոտավորապես այնքան, որքան Սերժ Սարգսյանի ժամանակ էր պահանջում, հատկապես 2011 թվականից՝ Կազանից հետո: Ես Փաշինյանին ասացի, որ պետք է մի բան անել, օրինակ՝ տարածքներ հետ տալ, երկու գյուղ կամ երկու շրջան, որպեսզի խուսափենք պատերազմից: Տարածքներ հետ տալու մասով Փաշինյանը ոչինչ չպատասխանեց, Իլհամ Ալիեւի մասին մի արտահայտություն արեց: Քոչարյան-Պուտին քիմիայի մասին կանդրադառնամ ավելի պատեհ առիթով:
Երրորդ անգամ վարչապետ Փաշինյանի հետ Արցախի թեմայով զրուցելու հնարավորություն ստեղծվեց 2020-ի տավուշյան դեպքերից հետո: Փակ հանդիպում էր, որին չորս այլ լրագրող-փորձագետների հետ հրավիրվել էի նաեւ ես: Իշխանությունների կողմից ներկա էին առաջին հինգ դեմքերը՝ վարչապետը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, անվտանգության ծառայության տնօրենը: Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները հրավիրվել էին բացառապես մեզ լսելու, եւ այդպես էլ եղավ:
Ես իրավունք չունեմ մանրամասներ ներկայացնելու այլոց զրույցից, հատկապես որ դա փակ հանդիպում էր, բայց կարող եմ ասել, թե ինքս ինչ ասացի:
Նախ հարցին, թե ինչու է Ալիեւը փոխարինել տասնհինգ տարիների արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ես ասացի, որ դրանով Ադրբեջանը վերջնականապես փակում է 2004-ից սկսված Պրահյան գործընթացը եւ պատրաստվում պատերազմի: Ո՞վ չգիտեր դա, հատկապես տավուշյան արկածախնդրությունից հետո: Երկրորդ, առանց հարցի ես ասացի, որ անթույլատրելի է Ալիեւին ստորացնելու Հայաստանի իշխանական, մերձիշխանական շրջանակների եւ լրատվամիջոցների պահվածքը: Հակառակը, ասացի, որ պետք է օգնենք Ալիեւին, որ դուրս գա այն վիճակից, որում հայտնվել է տավուշյան դեպքերից հետո, որը եւ կարող է լինել նոր պատերազմը կանխելու գործիքներից մեկը: Զգացի, որ գրեթե բոլորի համար անընդունելի եւ որոշ չափով անգամ ծիծաղելի էր իմ առաջարկը: Բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում, որ չի կարելի ծաղրել անգամ թշնամի երկրի առաջնորդին: Եվ, ի դեպ, նույն անթույլատրելի սխալը անում է այսօր Ալիեւը Փաշինյանի ու հայ ժողովրդի հանդեպ:
Եվ վերջապես, ասացի, որ լրագրողներս եւս պետք է փորձենք մեր կապերով ու ճանապարհներով քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու ակնհայտորեն դեպի պատերազմ տանող լարվածությունը: Այդ օրերին, ավելի ստույգ՝ հուլիսի 24-ին, իմ առաջարկով ես եւ ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաեւը համատեղ տեքստ էինք տարածել լրատվամիջոցներում ու Ֆեյսբուքում՝ հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ, որը մեջբերում եմ ամբողջությամբ.
«Մենք պետք է կարողանանք ՄԱՐԴ մնալ
Լրագրողներս իրավունք չունենք քաղաքական հայտարարություններ անելու, սակայն չենք կարող լուռ մնալ, երբ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունենում հայ-ադրբեջանական բախումներ:
Ծեծի, ստորացման ու անմարդկային վերաբերմունքի են արժանանում մարդիկ, որոնց միակ մեղքը հայ կամ ադրբեջանցի լինելն է:
Ցավ պատճառող այս տխուր ու ամոթալի դեպքերը պետք է դադարեցվեն, եւ ժամանակն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ու կրոնական ղեկավարությունները հանդարտության, ողջախոհության ու հանդուրժողականության կոչով դիմեն իրենց ժողովուրդներին:
Այս բախումները, անկախ նրանից՝ ունեն թաքնված ձեռք, թե ոչ, չեն բխում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների երկարաժամկետ շահերից:
Անգամ 1991-1994 թվականների արյունալի պատերազմի տարիներին հակամարտությունը դուրս չեկավ Անդրկովկասի տարածքից:
Հակամարտության արտահանումը ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ։ Հորդորում ենք աշխարհի երկրները չվերածել ռազմի նոր դաշտի»։
Մի քանի օր անց, երբ Փաշինյանը տավուշյան իր արկածախնդրությունը պյուռոսյան տոնակատարության վերածեց Սարդարապատում, Ադրբեջանի հետ արժանապատիվ կարգավորման, խաղաղության ու նոր պատերազմից խուսափելու բոլոր պատրանքները հրաժեշտ տվեցին ինձ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։