ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում «աննախադեպ ակտիվ եւ վստահելի» է որակել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը։
Նա ասել է՝ հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում։ Երկրների միջեւ ստեղծվել է աննախադեպ ակտիվ եւ վստահելի քաղաքական երկխոսություն բարձր մակարդակներում։ Համագործակցությունը տեղի է ունենում նաեւ երկու երկրների խորհրդարանների մակարդակով։
Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։
«Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական ուղիների ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ բարեկամների կողմից»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի եւ Թուրքիայի ուժային կառույցների նախորդ տարվա նոյեմբերի 11-ի հուշագրի համաձայն ստեղծված եւ հունվարի 30-ից կրակի դադարեցման ռեժիմը հսկող ռուսաստանցի եւ թուրք զինվորականների առաքելությանը, Լավրովը նշել է, որ նրանք դիտարկումները կատարում են միայն տեսողական եղանակով: