Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նախօրեին՝ մարտի 19-ին «Լեյբորիստական կուսակցության» ներկայացոիցիչ Ջուլի Էլիոթի նախագահությամբ ընթացել էին Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցության վերաբերյալ լսումները։
Զեկույցով առաջինը հանդես էր եկել Շոտլանդական ազգային կուսակցության պատգամավոր Քերոլ Մանոգանը, ով ներկայացնելով Արցախյան հակամարտության հակիրճ պատմությունը եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած միջադեպերը նշել էր․
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը երբեք էլ հեռու չէ: Թեեւ նրանք վերջերս բանակցել են խաղաղության համաձայնագրի շուրջ, սակայն լարվածությունը մնում է բարձր, եւ եթե խաղաղություն լինի, դա, իհարկե, փխրուն է: Ընդամենը մեկ տարի առաջ մեզանից մի քանիսը հավաքվեցին Վեսթմինսթերյան դահլիճում՝ բարձրաձայնելու Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մատակարարման հիմնական ուղղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցը: Այն ժամանակ մի քանի հարգարժան անդամներ ընդգծեցին սովի եւ հումանիտար աղետի հավանականությունը»,—ասել է պատգամավորը:
Ընդգծենք, որ Մանոգանը նախորդ ամիս Հայաստան այցելած Միջխորհրդարանական միության պատվիրակության անդամ է։ Նրա խոսքերով հենց այդ այցելության ժամանակ հանդիպել են Լեռնային Ղարաբաղից մի խումբ փախստականների հետ, ովքեր «սարսափելի մանրամասնություններ են պատմել» շրջափակման եւ իրենց վերջնական վտարման մասին:
«Նրանք նկարագրում էին, որ այսպես կոչված ռուս խաղաղապահները մեկնում էին Հայաստան՝ մի արտոնություն, որը չէր տրվել տեղի բնակչությանը, եւ ապրանքներ ու իրեր էին գնում միայն սովամահ եղած ժողովրդին ուռճացված գներով զանգվածաբար վերավաճառելու համար»,-նշել է բրիտանացի պատգամավորը։
Մանոգանը նշել է, որ պատվիրակության հետ հանդիպած մի շարք պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ խաղաղապահները Մոսկվայից ուղղորդվել են անկայունություն ստեղծելու, եւ ոչ թե խաղաղություն հաստատելու համար:
Պատգամավորը ընդգծել է, որ 2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) սկսել է 97 միլիոն դոլար արժողությամբ փախստականների շտապ արձագանքման ծրագիր՝ փախստականներին եւ նրանց Հայաստանում հյուրընկալողներին հրատապ մարդասիրական օգնություն եւ պաշտպանություն տրամադրելու համար: Սակաայն Մանոգանը ընդգծել է, որը
չնայած այդ աջակցությունն ավարտվում է ընթացիկ ամսվա վերջին, բայց ոչ մի փախստական այդպես էլ չի կարողացել վերադառնալ իր տուն:
«Թեեւ եղել է միջազգային աջակցություն, որի համար Հայաստանի կառավարությունը երախտապարտ է, սակայն շատ ավելին է պահանջվում»,-շարունակել է պատգամավորը եւ ավելացրել․ «2020 թվականից ի վեր ԱՄՆ-ն հատկացրել է 28 միլիոն դոլար, սեպտեմբերից ի վեր ԵՄ-ն տրամադրել է 17,5 միլիոն եվրո, իսկ Ֆրանսիան 2023 թվականին 27,5 միլիոն եվրո: Մեծ բրիտանիան մինչ օրս հատկացրել է 1 միլիոն ֆունտ»։
Մանոգանը նշել է, որ չի քննադատում 1 միլիոն ֆունտ օգնության չափը, բայց կարծում է, որ դա կարող է լինել մկանրկային կետ։
«Բացի օգնություն տրամադրելուց, Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարոյական պատասխանատվություն ունի տարածաշրջանում առաջնորդություն ցուցաբերելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր դիվանագիտական ջանքերը՝ խթանելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ օգնեն ստեղծելու պայմաններ իրական կայուն խաղաղության համար, որը թույլ կտա տեղահանված հայերին վերադառնալ տուն»,-ասել է պատգամավորը։
«Լեյբորիսատական կուսակցությունից» մեկ այլ պատգամավոր՝ Ռուփա Հուքը, ով նույնպես եղել էր Հայաստան այցելած Միջխորհրդարանական միության պատվիրակության անդամ, նշել էր․ «Մենք երդվել ենք, որ մեր ձայները կօգտագործենք վերադառնալուց հետո, որպեսզի նկարագրենք հայերի ծանր դրությունը»։
Հուքը վարչապեռ Ռիշի Սունակի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Մեր ամենամոտ դաշնակիցը՝ Բայդենը, դա արել է, բայց մեր կառավարությունից նույնիսկ տեղից չի շարժվել։ Այս երկչոտությունը՝ այս վակուումը, խրախուսում է Ադրբեջանի այս գործողությունները, որտեղ վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքները լիովին կանխատեսելի էին, ավելի շուտ, ինչպես այս շաբաթվա վերջին Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները»,-ասել պատգամավորը։
Ելույթի եզրափակիչ հատվածում Հուքը հայտարարել է, որ իր հարգանքի տուրքը մատուցելով հայկական համայնքին՝ «ճնշում է գործադրում» կառավարության վրա՝ հայերին օգնելու պահանջով։
«Մենք տեսանք տրավման եւ հոգեբանական օգնության անհրաժեշտությունը այն մարդկանց համար, ովքեր ենթարկվել են բռնության այս վերջին շրջանին, եւ դա բռնության շարունակվող ցիկլ է: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ իր հողը, այն վայրերը, որտեղ ապրել է հազարամյակներ շարունակ, թեեւ մենք տեսնում ենք Արցախի նման տարածքները քարտեզից ջնջելու փորձեր»,-հայտարարել բրիտանացի պատգամավորը։
«Պահպանողական կուսակցության» ներկայացուցիչ Թիմ Լութունն էլ իր ելությում ընդգծել, որ սպառնալիքի տակ են հայտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային կոթողները։
«Լեռնային Ղարաբաղում կան ավելի քան 4000 հայկական պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ, պատմական գերեզմանատներ եւ կամուրջներ։ Իրական մտահոգություն կա Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի մշակույթի ապագայի վերաբերյալ, որը հնարավոր չէր դուրս բերել երկրից»,-ասել պատգամավորը։
«Լեյբորիստական կուսակցության» պատգամավոր Սթիվեն Դութին իր հարցադրումներ էր կատարել կապված Հայաստանի եւ Արցախից տեղահանված հայերի հետգա ճակատագրի հետ։
«Նշում եմ, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ, ըստ երեւույթին, մտածում է հեռանալու մասին։ Ինչպիսի՞ն է Միացյալ Թագավորության կառավարության տեսակետն այդ կապակցությամբ: Նաեւ, ինչպե՞ս կարող ենք աջակցել տարածաշրջանի եւ իսկապես ողջ Եվրոպայի բոլոր երկրներին, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի չար ազդեցությունից: Վերջապես, ինչպիսի՞ն է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղից հեռացված էթնիկ հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ: Ես ավելի վաղ անդրադարձել էի ՄՔԴ-ի ժամանակավոր վճիռներին: Հուսով եմ՝ նա կարող է հստակ պատասխան տալ այդ հարցում»,-ասել է Դաութին։
Իր ելույթի վերջում բրիտանացի պատգամավորը հավելել է․ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չի կարելի մոռանալ։ Նրանք մարդկային դեմքն են՝ մարդկային հսկայական դեմքը՝ այս ողբերգության համար»: