ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւս մի քանի նահանգներում հաղթել են իրենց կուսակցությունների նախագահական փրայմերիզներում՝ ներկուսակցական ընտրություններում։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Երկու թեկնածուները հաղթանակներ են տարել Կանզասում, Օհայոյում, Արիզոնայում եւ Իլինոյսում կայացած փրայմերիզներում։
Associated Press-ի փոխանցմամբ Թրամփը հաղթել է նաեւ Ֆլորիդայում ընթացած պայքարում։
Մինչդեռ Բայդենի հաղթանակը ապահովվել է նահանգում փրայմերիզի չեղարկումից հետո, երբ կուսակցականները որոշում էին կայացրել «նահանգի բոլոր պատվիրակների ձայները տալ» գործող նախագահին։
Քարոզարշավի ընթացքում Թրամփն ու Բայդենը հիմնվում են Սպիտակ տանը գտնվելու ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումների վրա եւ միմյանց ներկայացնում որպես սպառնալիք Ամերիկայի համար։
77-ամյա Թրամփը պնդում է, որ 81-ամյա Բադենը մտավոր կարողությունների վատթարացման պատճառով պիտանի չէ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Իր հերթին, գործող նախագահն իր հանրապետական մրցակցին անվանում է ժողովրդավարության սպառնալիք: