Հայաստանի համար նպաստավոր արդյունքների հասնելու լավագույն ձեւը սեփական բնակչությանը վախեցնելը չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին։
Նշելով, որ բոլոր խնդիրները անհրաժեշտ է լուծել հանգիստ, կառուցողական եղանակով Զախարովան նշել է․ «Դրա մեխանիզմը կա եւ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է։ Մենք պատրաստ ենք օգնել այս գործին։ Մենք կապ չունենք Հայաստանի ղեկավարության հայտարարած որոշման հետ։ Խնդրում ենք թե՛ լրատվամիջոցներին, թե՛ Հայաստանի բնակչությանը որեւէ կերպ չասոցացնել Հայաստանի վարչապետի ասածը մեր երկրի հետ»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Երեւանը նման հարցերով Մսկվայի հետ չի խորհրդակցել եւ որեւէ կոնտակտ չի եղել։
«Սա Հայաստանի ղեկավարության կողմից ընդունված որոշում է բացառապես Արեւմուտքի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունների հիման վրա։ Սա նրանց պատասխանատվության ոլորտն է»,-ասել է Զախարովան։
Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանից նման հայտարարություններ հնչեցնողները պատասխանատու լինեին իրենց այն խոսքերի համար, որոնք բարձրաձայնել են, իր բնութագրմամբ, «արեւմտյան գործընկերների ազդեցության տակ»։
«Ռուսաստանը սրա հետ կապ չունի։ Մենք բազմիցս սրա վրա ենք հրավիրել Հայաստանի ուշադրությունը։ Եվ հիմա մենք դա անում ենք որպես ակտիվ քայլ։ Մենք դա անում ենք, որպեսզի հետո մեզ չասեն, որ դա տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի կամ Մոսկվայի պատճառով»,-ասել է Զախարովան։