Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման քարտեզների վերաբերյալ ներկա պահին որեւէ համաձայնություն չունեն։
Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե որ քարտեզներով են Հայաստանն ու Ադրբեջանը առաջնորդվելու սահմանազատման հարցում։
«Կա համաձայնություն, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ու կա ըմբռնում, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Դրա քաղաքական հիմքը եւս պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,-հայտարարել է Փաշինյանը եւ հավելել․ «Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմազատում իրականցնելը նշանակում է ոչ թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ նոր սահման ստեղծել, այլ նշանակում է ԽՍՀՄ վերջին սահմանները վերաարտահայտել գետնի վրա»։