Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանականում է «պատժել» Հայաստանին՝ «խաղաղության ձգտման եւ իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքների համար, որոնք նա (ՌԴ-ն) անարգում է Ուկրաինայում»։
Ֆրանսիական Lefigaro թերթի փոխանցմամբ Աթալը նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ։
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու եւ Միջազգային քրեական դատարանին միանալու համար եւ պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը։
Աթալը քննադատել է նաեւ Ռուսաստանին Աադրբեջանի կողմից ուժի կիրառումը չդատապարտելու եւ Արցախում հայաթափմանը աջակցելու համար։
«Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը տեղի ունենա», — ընդգծել է վարչապետը։
Նա Ադրբեջանից պահանջել է «դուրս բերել իր ուժերը [Հայաստանի] օկուպացված դիրքերից»՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերը հայկական տարածքի մի քանի հատվածներում առաջ են անցել»:
Աթալը հավելել է, որ «այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը, մեկ բառով․ իր ինքնիշխանությունը պաշտպանելու» եւ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»։