Նիկոլ Փաշինյանն այնքան հաճախ եւ այնպիսի առանցքային հարցերում է հակասում ինքն իրեն, որ նախընտրում է դա բացատրել ոչ թե պարզ խաբեությամբ, այլ՝ խելքի անբավարարությամբ։
«Մենք հարցի խորությունը չենք գիտակցել»,- մայիսի 5-ին այսպես է պատասխանել վարչապետն «Ազատության» դիտարկմանը, թե 2021-ին նրա ղեկավարած ուժն ընտրության է գնացել «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա Արցախի ինքնորոշման իրավունքի ապահովման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի խոստումներով։
Ինչո՞ւ իշխանության գալուց եւ իրերի դրությանը ծանոթանալուց հետո չփոխեց խոսույթն ու ավելի խստացրեց ոչմիթիզականությունը։ Դեկտեմբերի 19-ին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը դա այսպես է բացատրել. «Շատ պարզ պատճառով. պետք էր լուծում առաջարկել»։
Առաջարկելու լուծում չի ունեցել ու որոշել է «չհամակերպվել»՝ մոտալուտ պատերազմից անտեղյակ ժողովրդին պատմելով 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեդալների մասին։
Արդյունքում կայացված որոշումները հանգեցրել են հազարամյակներով հայերով բնակեցված Արցախի հայաթափմանը։ Այդքան հայկական մեկ էլ Վանն էր, որը հայաթափվեց մեկ դար առաջ։ Այդ իմաստով Փաշինյանի հասցրած ավերներն անցյալի ինչ-որ բանի հետ համեմատելիս (դա նրա սիրած զբաղմունքն է) շատ հեռու պետք է գնալ՝ հասնելով երիտթուրքերի ժամանակներ։
Ինչքան էլ փորձի մոռացության տալ կատարվածը կամ փոքրացնել դրա մասշտաբները, ինքը հո գիտի, թե ինչ է արել. հենց դրա հանրային գիտակցումից է վախենում։ Նա աշխարհի ամենասարսափած մարդն է, որովհետեւ ինքն իրեն դատապարտել է հավերժ իշխանության կամ փախուստի՝ «երաշխավորելով» նորանոր ցնցումներ Հայաստանի համար։
Իսկ ցնցումների եւ անորոշության հետեւանքն արտագաղթն է, որը վերածվել է զանգվածային փախուստի. միայն վերջին երեք տարում Հայաստանից հեռացել է մշտական բնակչության գրեթե հինգ տոկոսը։ Հայաստանը ժամանակ չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ ժողովրդագրական իմաստով։
Այս կառավարությամբ երկիրը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում։ Երկրի ղեկավարը, մի կողմից հայտարարում է, թե կայացրել է որոշումներ, որովհետեւ չի իմացել, թե ինչ անի, չի գիտակցել հարցի խորությունն ու չի հասկացել իրողությունները, մյուս կողմից հանրային համախմբման փորձ անգամ չի անում, ճիշտ հակառակը։
Ինչո՞ւ։
Ըստ ամենայնի, Փաշինյանի մոտ իշխանությունը կորցնելու վախն այնքան ուժեղ է, որ կարծում է, թե իրադարձությունները տեղի են ունենում բացառապես իրեն իշխանությունից զրկելու համար։
Մարտի 12-ին նա հենց այդպես է բացատրել Արցախի հայաթափումը. «Արտաքին ուժեր կան, որ հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը եւ տեսնում էին, որ իրենց ռեսուրսները չեն հերիքում, եւ հարկավոր էր, թեկուզ Ղարաբաղի գնով, ռեսուրս բերել՝ որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա»։
Նմանօրինակ ձեւակերպումները գալիս են լրացնելու մի քանի անգամ հնչեցված «եթե ստորագրեի, կասեիք դավաճան» «արդարացմանը», ընդգծելով սեփական անձի վրա վարչապետի շշմեցուցիչ սեւեռվածությունը։
Նա ցմահ նորանոր արդարացումներ է մոգոնելու Հայաստանի եւ Արցախի գլխին բերած աղետների համար՝ ընդհուպ երկիրն աշխարհաքաղաքական մեծ բախման հորձանուտ ներքաշելով։
Փաշինյանի նարցիսիզմը վերածվել է Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքի։ Այսօր գյուղերն են, վաղն «անկլավները» կլինեն, հետո «միջանցքը», հետո «փախստականները», հետո մեկ ուրիշ բան, որովհետեւ երկրի ղեկավարը «չի գիտակցում հարցի խորությունն» ու «չգիտի՝ ինչ անել», բայց հրաժարվում է իրենից դուրս լուծում որոնել։
Ռաֆայել Թեյմուրազյան