Գյումրիում թափառող շներին թիվ ու համար չկա: Քաղաքում ասում են՝ շները մարդկանցից շատ են:
Թափառող շներից որոշները խաղաղ գոյակցում են մարդկանց հետ, որոշները, սակայն, հատկապես ծայրամասային թաղամասերում, խիստ ագրեսիվ են: Օր չկա, որ համացանցում օգտատերերը չբարձրաձայնեն, որ իրենց ու երեխաների աշխատանքի եւ դպրոց գնալը դարձել է ամենօրյա մաքառում. կամ ողջ կհասնեն, կամ` ոչ:
Գյումրու բժշկական կենտրոնից «Ալիք Մեդիային» տեղեկացնում են, որ միայն այս տարի շների հարձակումից տարբեր աստիճանի վնասվածք ստացած 51 քաղաքացի է դիմել բուժօգնություն ստանալու համար: Թե որքանն էլ հարձակման ենթարկվել, բայց բուժօգնության չեն դիմել, հայտնի չէ:
Քաղաքային իշխանությունն ասում է՝ ամեն ինչ անում են խնդիրը լուծելու համար, բայց հարցին վերջնական լուծում տալ չի հաջողվում. շներն անվերջ բազմանում ու շատանում են:
Օրեր առաջ կենդանասերների բացահայտումը վրդովեցրեց շատերին: Ըստ նրանց տարածած տեսագրության, Գյումրիից հավաքված շները պահվում են գյուղերից մեկի անասնագոմում՝ սոված-ծարավ: Նրանք դատախազություն հաղորդում են ներկայացրել, ՍՊԸ-ին մեղադրել պետական միջոցների վատնման եւ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։
Պարզվում է, շներին անասնագոմում «տանջողը» թափառող շների ստերջացման համար 2023 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրու համայնքապետարանի հայտարարած մրցույթի հաղթող «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն է: Կազմակերպությունը մրցույթում հաղթել է անողջամիտ ցածր գնով՝ 21400 դրամ՝ մեկ շանը տեղափոխելու, ստերջացնելու համար: Իրազեկ կազմակերպությունները պնդում են, որ այդ գնով պատշաճ ծառայություն իրականացնելն անհնար է:
Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասում է՝ ընկերությունը հիմնադրվել է մրցույթից ընդամենը 5 օր առաջ: Ըստ նրա, նորաստեղծ ընկերությունը «ֆեյք» է, դրա ղեկավարներն էլ անմիջական կապ ունեն քաղաքային իշխանության հետ:
Ի պատասխան հնչած մեղադրանքների, Գյումրու համայնքապետարանը տեսագրություն է տարածել, որտեղ ընկերության անասնաբույժ Արայիկ Գաֆարյանը վստահեցնում է, թե ամեն ինչ անում են տեղը տեղին՝ գործիքների ախտահանումից մինչեւ շների վիրահատություն:
«Վիրահատված շները 2 օր մնում են մեր հսկողության տակ, որ հետվիրահատական բարդությունների դեպքում միջամտենք: Այնուհետեւ կենդանուն ջերմաչափում եւ տեղափոխում ենք այնտեղ, որտեղից բերել են»,-պատմում է անասնաբույժը: Իսկ կենդանիների սոված լինելու փաստին ի պատասխան, անասնաբույժը պատճառաբանում է, որ վիրահատության օրը շան ստամոքսը պետք է դատարկ լինի:
Տեսանյութը սակայն, համոզելու փոխարեն, ավելի է խորացրել ավագանու ընդդիմադիր անդամների կասկածները: Ըստ նրանց, համայնքապետարանը ոչ թե պետք է պաշտպաներ ընկերությանը, այլ խզեր պայմանագիրն ու հետ պահանջեր գումարը:
Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համաձայն է, որ մեղավորը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, եթե իրավապահներն արձանագրեն, որ օրենք է խախտվել ու պատճառ լինի պայմանագիրը դադարեցնելու:
«Գործընթացը կանգ կառնի, շների բազմացումը թափ կհավաքի»,-ասում է համայնքի ղեկավարը, որը, միայն հույզերին տրվելով՝ չի ցանկանում դադարեցնել շների ստերջացման աշխատանքը:
Ինչ կարձանագրեն իրավապահները, դեռ հայտնի չէ, բայց, որ թե՛ բնակիչները, թե՛ շները հավասարապես տուժած են, հաստատ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։