Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են սկսել նոր զանգվածային զորահավաք՝ Ուկրաինայի դեմ կռվող խմբավորումն ուժեղացնելու եւ Խարկովի հնարավոր շրջափակման համար։ Այս մասին «Вёрстка» կայքին հայտնել են նախագահի աշխատակազմին ու պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած չորս աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ հնարավոր մոբիլիզացիայի շրջանակներում կարող է զորակոչվել 300 հազար մարդ։
Լրատվականի զրուցակիցները նշել են, որ պահեստազորայիններին կարող են զորակոչել հարկադրաբար, ժամկետային զինծառայողներին ստիպել պայմանագիր կնքել եւ ուղարկել Ուկրաինայում ընթացող պատերազմին, ինչպես նաեւ մոբիլիզացնել ռեզերվում գտնվողներին։
Մոսկվայի մի քանի զինկոմիսարիատներ եւ պետական կառույցներ «Вёрстка»-ին հաստատել են, որ զբաղված են զորակոչային հարցերով, իսկ ՊՆ-ի աղբյուրները պատմել են պատրաստվող պահեստազորայինների նոր հավաքների մասին, որի արդյունքում նրանցից որշներին կարող են մոբիլիզացնել կամ ստիպել պայմանագիր կնքել պատերազմին մասնակցելու համար։
Հարկադրաբար պայմանագիր կնքելու գաղափարը, ըստ «Вёрстка»-ի զրուցակիցների, պայմանավորված է նրանով, որ պատերազմին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը կտրուկ նվազել է։
Լրատվականը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իր զրուցակիցները զորքերի հավաքագրման նախապատրաստությունն անվանում են «մոբիլիզացիա 2.0»։
Նախագահի աշխատակազմի աղբյուրներից մեկը, պատասխանելով Խարկովի հնարավոր շրջափակման մասին հարցին, նշել է, որ քաղաքը «երկրորդ Մարիուպոլի» վերածելու պլաններ չկան։
Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանը ստեղծում է 100 հազար զինվորականներից բաղկացած զորքերի նոր խումբ։ Հավանաբար ռուսական բանակը կփորձի հարձակվել ուղղություններից մեկով, ասել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը։