Իսրայելը չի հրաժարվի Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու իր ծրագրերից եւ պատրաստ է այն սկսել նույնիսկ առանց ԱՄՆ աջակցության։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ այսօր Թել Ավիվ այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո։
Վարչապետի աշխատակազմի հրապարակած տեսաուղերձում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի երախտագիտությունն է փոխանցել Բլինկենին՝ Գազայի հատվածում ցամաքային գործողության ժամանակ ԱՄՆ-ի աջակցության համար եւ ընդգծել իսրայելական կողմի պատրաստակամությունը՝ տարհանել խաղաղ բնակիչներին շրջանի մարտական գոտիներից։
«Բայց ես նաեւ ասացի, որ մենք առանց Ռաֆահ մտնելու եւ այնտեղ մնացած գումարտակները ոչնչացնելու ճանապարհ չունենք հաղթելու Համասին։ Եվ ես նրան ասացի, որ հուսով եմ, որ դա կանենք Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց եթե ստիպված լինենք, ապա դա կանենք նաեւ միայնակ»,-հայտարարել է Նեթանյահուն։