Վերջին տարիներին պետական մարմինները տեղեկություն ստանալու հարցումներին հաճախ օրենքով սահմանված կարգով չեն պատասխանում։ Հարցումներին արձագանքում են օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից ուշ։ Ընդ որում, երբեմն այդ գրություններում բուն հարցերի պատասխանները չկան։ Եթե լրացուցուցիչ ժամանակ (30 օր) է անհրաժեշտ, պետական կառույցը պետք է հնգօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնի հարցումն ուղարկողին։
Տեղեկատվության ազատությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկություն փնտրելու եւ ստանալու իրավունքի իրացումն է: Կառավարության, պետական կառույցների աշխատանքը հսկելու եւ երկրի կառավարմանն ակտրվորեն մասնակցելու համար քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություն ստանալու իրավունք ունեն։
«Ինֆորմացիայի ազատությա կենտրոնը» (ԻԱԿ) փետրվարին 24 պետական կառույցի հարցումներ է ուղարկել։ ԻԱԿ ծրագրերի ղեկավար Լիանա Դոյդոյանն ասում է՝ տացված պատասխանները մեծ մասամբ եղել են թերի, հարցերին ըստ էության չպատասխանող գրություններ։
«Օրինակ՝ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցում էինք ուղարկել ԱԳՆ։ Փորձել էինք պարզել՝ բանակցային գործընթացը ո՞ր փուլում է, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Վեց-յոթ կետից բաղկացած հարցմանը մի նախադասությամբ էին պատասխանել, այն է՝ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը»,- պատմում է Դոյդոյանը։
ԿԳՄՍՆ-ին էլ հարցում է ուղարկվել Արցախում մնացած մշակութային արժեքների վերաբերյալ։, որին դարձյալ մի նախադասությամբ են պատասխանել. խնդիրը ԿԳՄՍՆ-ի ուշադրությանն կենտրոնում է, եւ այն պարբերաբար բարձրաձայնվում է միջազգային կառույցներում։
Հարցումներին ընդհանրապես չարձագանքելու դեպքերը նվազել են, բայց դրան զուգահեռ՝ նման պատասխաններն են շատացել։ Եթե պարզ հարցեր են լինում, պետական կառույցները փորձում են արագ արձագանքել, իսկ եթե թեմաները մի փոքր զգայուն են՝ հատկապես Արցախին առնչվող, սահմանված ժամկետը խախտելով, թերի բովանդակությամբ կամ մեկ նախադասություն պարունակող պատասխաններ են ուղարկում։
«Ենթադրվում է, որ զգայուն հարցերի պատասխանները վերադասի հետ համաձայնեցնում են (այդպիսի դեպքեր եղել են), իսկ երբ նրան գտնել չեն կարողանում, օրինակ՝ գործուղման է լինում, գրությունն ուղարկելու հաստատում չեն ստանում։ Ըստ այդմ՝ հարցման պատասխանի տրամադրումը հետաձգվում է»,- բացատրում է Լիանա Դոյդոյանը։
Օրենսդրական դաշտում կան մեխանիզմներ, որոնք կարող են պարտավորեցնել պետական մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետում պատասխանել հարցումներին, սակայն դրանք հազվադեպ են կիրառվում։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման համար նախատեսված է վարչական եւ քրեական պատասխանատվություն, պարզապես հարցում ուղարկողները հազվադեպ են դատարան դիմում։
Նախկինում ԻԱԿ-ը «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխություն էր անցկացնում, որի ընթացքում ներկայացվում էին հարցումներին բարեխղճորեն պատասխանած եւ խուսափած, օրենքը խախտած պետական հաստատությունների անունները։ Վերջին տարիներին, սակայն, մրցանակաբաշխություն տեղի չի ունեցել։ Դա պայմանավորված էր նախ կորոնավիրուսի համավարակով, հետո Արցախյան պատերազմը սկսվեց։
Բացի այս՝ վերջին տարիներին պետական կառույցներն այնքան հաճախ են խախտում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որ հնարավոր չէ մրցանակաբաշխություն անցկացնել եւ որևէ կառույցի մրցանակ շնորհել հարցումներին բարեխղճորեն պատասխանելու համար։
Լիանա Դոյդոյանը հարցում ուղարկած ու պետական մարմիններից պատասխան չստացած մարդկանց հորդորում է դիմել ԻԱԿ։ Լինում են դեպքեր, երբ պետական կառույցը լրագրողի հարցմանը չի պատասխանում, բայց երբ այդ նույն հարցումը ԻԱԿ-ն է ուղարկում, պատասխանում են։
«Օրինակ՝ «Ինֆոքոմ» լրատվականը 2023 թվականին դիմել էր իշխող ՔՊ-ին՝ նվիրատուների ցանկը ստանալ համար։ Այդ ցանկը նրանց չէին տրամադրել։ ԻԱԿ-ը նույն հարցերն ուղարկեց, դարձյալ չպատասխանեցին։ Մտածեցինք, որ դա նախադեպային գործ կարող է լինել եւ դատարան դիմեցինք, բայց հաշտության համաձայնություն եղավ, այսինքն՝ նրանք մինչեւ դատարանի վճիռը տրամադրեցին պահանջվող տեղեկությունը»,- մանրամասնում է Դոյդոյանը։
ԻԱԿ-ն ունեցել է դատական գործեր՝ ընդդեմ քաղաքապետարանի, Ոստիկանության եւ այլ կառույցների։ Քանի որ տեղեկատվության մասին օրենքը փաստացի խախտվում է, դատերը, սովորաբար շահում է ԻԱԿ-ը։ Նախկինում դատական գործերն ավելի շատ էին, հիմա ռեսուրսները քիչ են, տարեկան մեկ-երկու դատավարություն է լինում։ Հարկավոր է փաստաբաններին վճարել, այս գործերը շատ երկար են քննվում, ձգձգվում, ուստի լրագրողները խուսափում են դատարան դիմելուց։
Իհարկե, դատը շահելու դեպքում օրենքը խախտած կողմն օրենքով սահմանված կարգով վճարում է դատական ծախսերը, այսուամենայնիվ, դատական քաշքշուկից խուսափելով՝ լրագրողները խուսափում են դատարան դիմելուց։ Լիանա Դոյդոյանը կարծում է, որ իրենց կարիերայում նոր-նոր առաջին քայլերն անող փաստաբանները կարող են անվճար ստանձնել այսպիսի դատական գործեր, համագործակցել ԻԱԿ-ի եւ լրագրողների հետ։ Այդ պարագայում իրավունքը կվերականգնվի, այս խնդիրները հնչողություն կստանան, իսկ փաստաբանները կհղկվեն, մասնագիտական փորձ ձեռք կբերեն։
Երբ տեղեկություն ստանալու իրավունքը խախտվում է, քաղաքացին կարող է նաեւ ՄԻՊ գրասենյակ դիմել, բայց մարդիկ չեն դիմում վերջին տարիներին։ Լիանա Դոյդոյանն ասում է՝ այն ժամանակ, երբ օմբուդսմենն Արման Թաթոյանն էր, քաղաքացիները հաճախ ՄԻՊ-ին տեղեկացում էին, որ իրենց իրավունքը խախտվել է, իսկ վերջին տարիներին, ցավոք, այս պրակիտիկան չի կիրառվում։
Լրագրողները ԻԱԿ եմ դիմում կամ զանգահարում են տվյալ գերատեսչություն, հորդորում պատասխանել իրենց հարցմանը, ոմանք էլ սոցիալական ցանցերում գրառումներ են անում՝ նշելով տվյալ կառույցի էջը, որպեսզի գոնե այդ կերպ հնչեղություն տան իրենց խնդրին ու պատասխան ստանան։
«Անընդհատ պետք է բարձրաձայնել այս խնդրի մասին տարբեր եղանակներով։ Հնարավորության դեպքում պետք է դիմել դատարան ոչ միայն այն դեպքում, երբ հարցմանն ընդհանրապես չեն պատասխանել, այլեւ այն պարագայում, երբ այն ուղարկել են, բայց ձեւի, տրամադրման ժամկետի խախտում կա կամ պատասխանն ամբողջական չէ։ Հարկավոր է հաճախակի դիմել դատարան, որպեսզի այս օրենքն աշխատի, սկսի կայանալ»,- ասում է Դոյդոյանը։
«ՍիվիլՆեթ»-ի «CivilNetCheck» բաժնի խմբագիր Անի Գրիգորյանը լրագրողական նյութեր պատրաստելիս հաճախ է հարցումներ ուղարկում ու բախվում այս խնդրին։
«Երբ հրապարակում ենք պատրաստում եւ պետական կառույցը 10-15 օր հետո է հարցմանը պատասխանում, նյութն արդեն արդիական չի լինում, խնդիրներ են առաջանում․․․ Իրենք ինֆորմացիա չեն տրամադրում, մենք էլ չենք կարող առանց փաստերի լուսաբանել խնդիրը»,- բացատրում է Անի Գրիգորյանը։
Լրագրողն ասում է՝ երբեմն պետական կառույցների լրատվության բաժնում աշխատում են մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց աշխատանքային պարտավորությունները պատշաճ կատարել։ Երբեմն էլ հարցման պատասխանն ուղարկելու փոխարեն լրագրողին ուղի են ցույց տալիս, թե ինչպես կարելի է գտնել այն։
«Կառավորությանը հարցում էի ուղարկել, պատասխանել էին, որ վարչապետն այդ մասին խոսել է իր ելույթներից մեկի ընթացքում։ Ասում են՝ գնա՛, այդ 40 րոպեանոց տեսանյութից հարցերիդ պատասխանը գտի՛ր։ Մինչդեռ, եթե ես հարցում եմ ուղարկել, նրանք պարտավոր են կետերով պատասխանել դրան։ Հարցման պատասխանների տրամադրման հետ կապված՝ դժգոհ եմ նաեւ Երեւանի քաղաքապետարանից, ԱԱԾ-ից, ՊՆ-ից․․․»,- ասում է Անի Գրիգորյանը։
2021 թվականից Հայաստանի կառավարությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր (ավելի քան 20 տոկոս բաժնեմաս ունի): Պետությանը բաժնեմասերը փոխանցելու վերաբերյալ պայմանագիր էր կնքվել։ «ՍիվիլՆեթ»-ը հարցում էր ուղարկել Կառավարություն, որպեսզի ստանա այդ պայմանագրի տեքստը, սակայն գործադիրը չէր տրամադրել այն։ 2022 թվականի վերջին լրատվամիջոցն ընդդեմ Կառավարության՝ դիմել է դատարան։ Մեկ տարի տեւած դատական գործընթացից հետո դատը շահել է։
Ինչպես Լիանա Դոյդոյանն է ասում, պետք է հաճախ դատարան դիմել, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն աշխատի ու կայանա։ Մինչդեռ, հնարավոր է, որ այս օրենքը կիրարկելն ու հարգելը պետական քաղաքականություն դառնա։ Պետական մարմինները կարող են կիրառել համապատասխան մեթոդներ ու մեխանիզմներ, որպեսզի սահմանված կարգով հարցումներին պատասխանեն։ Քանի որ այս ամենը չի արվում, իսկապես, ելքը դա է․ պետք է հաճախակի դիմել դատարան․․․ Որպեսի օրենքը կիրարկվի, լրագրողները դեռ շատ ջանք պիտի թափեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։