Գյումրիում թեւ համայնքի ղեկավարները փոխվում են, բայց գործելաոճը մնում է նույնը. սոցիալապես անապահով խավին՝ իրենց դիմումի համաձայն, դրամական աջակցություն են տրամադրում, համաձայնությունն էլ համայնքի ավագանին է տալիս:
Քաղաքացուն 10-15 հազար դրամ տալու եւ նրա խնդիրը լուծված համարելու «տխրահռչակ» աշխատելաոճի արմատները խորն են: Ավագ եւ միջին սերնդի գյումրեցիները լավ կհիշեն, որ քաղաքային իշխանությունները, հենց համայնքապետարանի մուտքի մոտ, առատաձեռն երեւալու անզուսպ ցանկությամբ, 5000-ական դրամներ էին բաժանում սոցիալապես անապահով քաղաքացիներին: Դրա փոխարեն «թագավոր», «բարեգութ» եւ այլ վանկարկումներով արտահայտություններ էին ընդունում եւ համարում, որ սոցիալական ծրագիր են իրականացնում, «ժողովրդի մատից փուշ հանում»:
Տասնամյակներ անց համայնքապետարանը կրկին, ամեն ամիս, ավագանու հաստատմանն է ներկայացնում շուրջ 100-հոգանոց ցանկ, թե՝ սոցիալական աջակցություն տրամադրենք: Ըստ գործող կարգի՝ քաղաքացին աջակցության գումարները ստանում է բանկից՝ անձը հաստատող փաստաթղթով: Կարգավորված է նաեւ դատական ակտերի հարկադիր կատարողների հետ «խնդիր» ունեցող քաղաքացիների հարցը. հարկադիրը չի կարող բռնագանձել համայնքապետարանի տրամադրած աջակցությունը:
Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանն ասում է՝ վերջին շրջանում համայնքի ավագանու անդամները սկսել էին քննադատել «գումար բաժանելու» գործընթացը՝ առաջարկով, որ աջակցությունն արդյունավետ մեխանիզմով տրամադրվի քաղաքացիներին: Ըստ Մանուկյանի՝ համայնքապետարանն այդպես էլ չկարողացավ կամ չուզեց նոր գործիքակազմ ներդնել, ավագանու անդամներն էլ խնդրին հետամուտ չեղան: «Համայնքն ամեն ամիս օգնություն բաժանելով սոցապի հոգեբանությամբ է գործում»:
Ի պատասխան ավագանու անդամի դիտարկմանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ասում է, թե բնակիչների սոցիալական բեռն են թեթեւացում: Նա առաջարկում է ասել-անցնելու փոխարեն լավ առաջարկ ներկայացնել, այլընտրանքային ծրագիր առաջարկել, թե նշված գումարով ինչ անեն ծայրահեղ աղքատ խավի համար: Խելամիտ առաջարկի դեպքում ընդունված կարգը կփոփոխեն:
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնն ուսումնասիրել ու դիտարկումներ է արել 2022-2026 թվականների Գյումրի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ:
Կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լուսյա Գալոյանը համայնքի ընդունած սոցիալական ծրագրերում բազմաթիվ հարցականներ է բացահայտել: Նախ՝ որոշակի թվով, գրեթե նույն մարդկանց, տարեկան մեկ կամ երկու անգամ չնչին գումարներ բաժանելը դեռ սոցիալական ծրագիր չէ: Բացի այդ՝ աջակցության ծրագրում նախանշված է մինչեւ 2026 թվականը ներգրավել 1900 ընտանիքի: Վերլուծողը զարմանում է, թե որտեղի՞ց այդ պայմանական թիվը: Համեմատաբար տրամաբանական կլիներ, որ ասեին՝ աջակցելու են անապահով ընտանիքների ինչ-որ մի տոկոսին:
Ով կլինի այն համարձակը, որն իր վրա կվերցնի «վատամարդ» լինելու բեռը եւ կդադարեցնի քաղաքացուն ավելի աղքատացնող, չաշխատելու մղող, նվաստացուցիչ գրոշներ բաժանելու գործը, հայտնի չէ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։