Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Թուրքիայի իշխանությունները կեղծում են կորոնավիրուսի վերաբերյալ իրական վիճակագրական տվյալները։
Մասնավորապես, պարբերականն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ, ըստ դրանց, վարակման դեպքերը վերջին մեկ ամսում նվազել են շուրջ 72 տոկոսով։ Եթե 2021-ի ապրիլին Թուրքիայում հայտարարվել էր 60000 դեպքի մասին, ապա, ըստ վերջին պաշտոնական հրապարակումների, այժմ այդ թիվը 10000-ից էլ պակաս է։
Ըստ The Guardian-ի՝ Թուրքիայի իշխանություններն իրականում ավելի քիչ թեստավորումներ են անցկացնում՝ առաջիկա հանգստի սեզոնին համընթաց փորձելով չխրտնեցնել հավանական զբոսաշրջիկներին եւ նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի համար։
Բրիտանական պարբերականի տվյալներով ՔՈՎԻԴ-19-ով վարակման առումով աշխարհում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերը նույնպես ավելի շատ են, քան հրապարակվում է պաշտոնապես։
Մինչ օրս Թուրքիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի պատճառով գրանցված 45186 մահվան դեպքի մասին։ Մինչդեռ, նախորդ տարիների համեմատ, երկրում մահացությունների տարեկան միջին ցուցանիշն այս տարի 140000-ով ավելի է։