Վրաստանը առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ։
Խոսելով Թբիլիսիում հոկտեմբերի 26-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրից Կոբախիձեն նշել է․«Այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների վրա: Նիկոլ Փաշինյանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականության»։
«Տարիներ շարունակ համագործակցել ենք եւ եղբայրական հարաբերություններ ենք ունեցել: Մեր նպատակն է խորացնել համագործակցությունը եւ աջակցել խաղաղությանն ու կայունությանը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Իր խոսքում հույս հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, Կբախիձեն հավելել է, որ Թբիլիսին աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության եւ «համատեղ ապրելու ջանքերին»: