Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երեւանում քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
Ընդգծելով Թբիլիսիում հոկտեմբերի 26-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրագործման գործնական քայլերի անհրաժեշտությունը ՀՀ վարչապետը ասել է․ «Ուզում եմ ընդգծել, որ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարեւորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանում կայունության ու փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»։
Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը «սատարել եւ սատարում է» ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։
Փաշինյանը նաեւ հավելել է, որ Կոբախիձեին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված զարգացումները։
«Հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել տարածաշրջանային գործընթացնրի վերաբերյալ մեր ընկալումներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման զարգացումների ընթացիկ վիճակը։ Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու իր բաժին պատասխանատվությունը։ Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաեւ մյուս դերակատարները։ Ընդգծել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն հայտնի երեք սկզբունքների հիման վրա»,-նշել է Փաշինյանը։