Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 25-ին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) միջազգային ահաբեկչական խմբավորումը, որը ստանձնել է ուրբաթ օրը մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, նախկինում փորձել է մի քանի ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայի տարածքում։
«Իսլամական պետությունը», որը ներգրավված է Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման մեջ, վերջին ամիսներին մի քանի հարձակման փորձ է կատարել Ֆրանսիայում»,- լրագորղներին ասել է Ֆրանսիայի նախագահը՝ Ֆրանսիական Գվիանա այցի ժամանակ։
Մակրոնը մանրամասներ չի հայտնել։ Վերջին շրջանում Ֆրանսիայում ահաբեկչությունների կանխարգելման մասին հանրային հաղորդումներ չեն եղել: Սակայն շաբաթ օրը «Corcus»-ի վրա հարձակումից հետո հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույն մակարդակի։
Նախագահ Մակրոնը նաեւ համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում հարձակումը իրականացրել է ԻՊ-ն եւ Մոսկվային կոչ է արել առանց ապացույցների չփորձել «Crocus»-ի հարձակման պատասխանատվությունը բարդել Ուկրաինայի վրա: