Արցախյան 44-օրյա պատերազմում ամուսնուն կորցրած Նանար Գրիգորյանը երկրորդ տեղահանությունից հետո ընտանիքի հետ հաստատվել է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում։ Առաջին անգամ 2020-ին էր տեղահանվել՝ Հադրութից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին էլ Մարտունիից է տեղահանվել։
Հարցին՝ արդյո՞ք կարողացել են հարմարվել այդքան տեղափոխություններից հետո, Նանարը կարճ է պատասխանում՝ արդեն սովոր են։ Բարդ ճանապարհ անցնելուց հետո արցախցի կինը նոր-նոր է ոտքի կանգնում։ Անչափահաս աղջկան մեծացնելու համար սկսել է նոր հմտություններ ձեռք բերել, իր փոքրիկ բիզնեսը հիմնադրել․ էքսկլյուզիվ ծաղկեփնջեր է պատրաստում։
Ծաղիկներ, քաղցրեղեն, հուշանվերներ․ ձեռքի տակ եղած ամեն ինչը Նանարը փնջի է վերածում։ Շուտով նաեւ ֆլորիստիկայի անվճար դասերի կհաճախի։
Նանարն արցախցի այն յոթ կանանցից է, որոնք բռնի տեղահանումից հետո հաստատվել են Հայաստանում եւ դարձել «Գաղափարից ձեռներեցություն» ծրագրի շահառուները։
Ծրագրի նախաձեռնողները «Աջակիցներ» հասարակական կազմակերպության ղեկավար Անի Մանուկյանն ու «FLA» լեզուների դպրոցի տնօրեն Անի Խաչատրյանն են։ Արցախցիների բռնի տեղահաումից հետո միասին քննարկել են՝ ինչ կարող են անել, որ նրանց աջակցեն հնարավորինս հեշտ ադապտացվելու նոր միջավայրին, լուծելու սոցիալական խնդիրները։
Որոշել են անել մի նախաձեռնություն, որի ընթացքում գիտելիքներ կփոխանցեն արցախցի այն կանանց, որոնք ցանկանում են իրենց աշխատանքը սկսել։
«Շահառուներն այն կանայք են, որոնք արդեն իսկ ինչ-որ բան կարողանում էին անել՝ «ձեռքի շնորհք» ունեին։ Տարբեր մտքեր ունեին, բայց չգիտեին՝ ինչպես ու որտեղից սկսել»,-ներկայացնում է ծրագրի համահեղինակ Անի Խաչատրյանը։
Երկու ամիս տեւած ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են անգլերեն եւ ձեռներեցությանն առնչվող մի շարք թեմաներ։
«Անգլերենը կարևորում էինք այն առումով, որ տարբեր իրեր պատրաստող մեր հայրենակիցները կարողանան իրենց արտադրանքը ներկայացնել նաեւ օտար լեզվով, փորձել ընդլայնել շուկան, առաջարկն ավելի մեծ շրջանակների ներկայացնել»,-ասում է Անին։։
Ձեռներեցության դասերի ընթացքում մի քանի մասնագետներ են դասավանդել, անդրադարձել են գյուղատնտեսությանը, մարքեթինգին, բիզնեսի առաջխաղացման գործիքներին։
«Մասագետները ներկայացնում էին իրենց փորձը տարբեր ոլորտներում, ծանթացնում գրաֆիկ դիզայնին, սոցցանցերում էջերի առաջխաղացման եւ գովազդի գործիքներին, հաճախորդների ավելացման մեթոդներին։ Մեր մասնակիցներից շատերը հենց դասընթացի ժամանակ պատրաստեցին իրենց նորաստեղծ բիզնեսների լոգոները»,-ասում է ծրագրի համահեղինակը։
Մասնակիցները Հայաստանի տարբեր անկյուններում են բնակվում։ Օրինակ՝ Նարինեի ընտանիքը Գեղարքունիքում է։ Ծրագրի շնորհիվ նաեւ իրենց գաղափարն են ներկայացրել, առաջարկը շահել է, ու ստացած դրամաշնորհի միջոցով սկսել են իրենց ուժերը գյուղատնտեսության ոլորտում փորձել՝ խոզաբուծությամբ են զբաղվում։ Մյուս մասնակիցն օրգանական հավկիթների արտադրություն է սկսել, ու արդեն կան գնորդներ։ Երրորդն էլ նոր ձևաչափով շարունակում է Արցախում մեկնարկած ծրագիրը։
«Գաղափորից ձեռներեցություն» նածաձեռնության հեղինակները նշում են՝ թեև այն արդյունավետ է եղել, սակայն առաջին օրերին որոշ դժվարություններ առաջացել են։
«Մարդիկ իրենց ամբողջ կյանքի ձեռքբերումներն էին կորցրել, սկզբում մի քիչ կասկածով էին վերաբերվում, թե դասերն իրենց ինչպե՞ս են հիմա օգնելու: Մենք էլ փորձում էինք ամեն բան անել, որ հույս տանք, թևութիկունք լինենք։ Հիշեցնում էինք, որ ամեն ինչ կորած չէ, եւ այն մարդը, որը չի հանձնվում, միշտ հաջողության է հասնում»,-ասում է Անին՝ նշելով, թե որոշ ժամանակ անց այդ կասկածն էլ է անցել։
Շահառուները սկսել են ոչ միայն սեփական բիզնես գաղափարների շուրջ աշխատել, այեւ համագործակցության ուղիներ գտնմել՝ հետագայում համատեղ որեւէ ծրագրեր անելու համար։
«Կարծում եմ՝ կարողացել ենք այդ կանանց մոտիվացիան վերադարձնել։ Այժմ իրենց կյանքն այլ կերպ են պատկերացնում ու կանգ չեն առնելու՝ անկախ դժվարություններից»։
Նախձեռնությունն ամբողջությամբ անվճար է եղել, ֆինանսավորում չեն ունեցել։ Հեղինակները հույս ունեն՝ այն շարունակական կլինի, եւ հետագայում կկարողանան մասնագիտական հմտություններ փոխանցելուց բացի նաեւ դրամական աջակցություն տրամադրել՝ արդեն սկսած բիզնեսները առաջ տանելու համար։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: