ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 25-ին ընդունեց Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում պահանջող երկար սպասված բանաձեւը։
Ընդունված բանաձեւով ՄԱԿ-ը պահանջում է հակամարտության կողմ Իսրայելից եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ից անհապաղ դադարեցնել կրակը մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում (այս տարի մարտի 10-ից ապրիլի 9-ը) եւ ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը շրջանի բնակչությանը։ Փաստաթուղթը նաեւ պահանջում է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել կողմից իսրայելացի պատանդներին։
Բանաձեւը պատրաստել են Անվտանգության խորհրդի տասը անդամներ, որը վերջնական ձեւով ներկայացրել է Մոզամբիկը։ Ռուսաստանը փորձել է տեքստում ավելացնել «մշտական» զինադադարի պահանջ, սակայն նման առաջարկը մերժվել է։ ԱՄՆ-ն, որը հակամարտության սկզբից ի վեր երեք անգամ օգտագործել է վետոյի իրավունքը նմանատիպ բանաձեւերի շուրջ քննարկումներում, այս անգամ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախորդ տարբերակն արգելափաել էին Ռուսաստանը եւ Չինաստանը։
Բանաձեւի ընդունումից հետո հայտնի դարձավ, որ իսրայելական կողմը չեղարկել է իր պատվիրակության ծրագրված այցը Սպիտակ տուն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն «փոխել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ում»։ Նրա խոսքով ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան առաքելությունը Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունն ավելի խիստ կապել էր իսրայելցի պատանդների պարտադիր ազատ արձակման հետ։
Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ի պատասխան նշել էր, որ Միացյալ Նահանգները վրդովված է Վաշինգտոն այցը չեղարկելու Իսրայելի որոշումից, որի ընթացքում պետք է քննարկվեին Գազայի հատվածի հարավային Ռաֆահում ռազմական գործողության մասին Իսրայելի պաշտպանության բանակի պլանները։ Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է պնդել պատանդների ազատ արձակման եւ հատվածում հումանիտար ճգնաժամի լուծման վրա։
Արդեն այսօր՝ մարտի 26-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին X-ի իր էջում գրել էր․ «Իսրայելը չի դադարեցնի կրակը Գազայում։ Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին եւ կշարունակենք պայքարը մինչեւ առեւանգվածներից վերջինի տուն վերադարձը»։
מדינת ישראל לא תנצור את האש. נשמיד את חמאס ונמשיך להילחם עד שאחרון החטופים ישוב הביתה.
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) March 25, 2024