Ռուսաստանը վերսկսել է նավթի ուղիղ մատակարարումները Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (Հյուսիսային Կորեա)՝ ի հեճուկս ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների, որը փաստացի անարդյունավետ է, գրում է Financial Times-ը։
2024 թվականի մարտին նավթամթերք տեղափոխող հյուսիսկորեական առնվազն հինգ տանկեր լքել են Հեռավոր Արեւելքի Վոստոչնի նավահանգիստը, պարզաբանում է պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական Royal United Services Institute-ի հրապարակած արբանյակային պատկերներին։
Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումները, որոնք վերսկսվել են մարտի 7-ին, 2017 թվականից ի վեր առաջին փաստագրված ուղիղ ծովային առաքումներն են Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ տարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակումներ էր դրել Հյուսիսային Կորեա հում նավթի մատակարարումների վրա՝ ի պատասխան միջուկային զենքի փորձարկումների:
«Նավթի այս մատակարարումները լայնածավալ հարձակում են պատժամիջոցների ռեժիմի վրա, որն այժմ գտնվում է փլուզման եզրին», — պարբերականին ասել է Հյու Գրիֆիթսը, ով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերահսկող ՄԱԿ-ի թիմի նախկին համակարգողն է:
2024 թվականի փետրվարին The New York Times-ը գրել էր, որ ռուսական իշխանություններն ապաարգելափակել են Հյուսիսային Կորեայի որոշ ակտիվներ եւ ԿԺԴՀ-ին թույլ են տվել մուտք գործել միջազգային բանկային համակարգ: Դա ըստ պարբերականի տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան զենք էր փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
2023 թվականի հոկտեմբերին Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին, հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 1000 կոնտեյներ ռազմական տեխնիկա եւ զինամթերք է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համար: ԱՄՆ իշխանությունները եւ որոշ ամերիկացի փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանն արդեն սկսել է օգտագործել ԿԺԴՀ-ից ստացված բալիստիկ հրթիռները։