Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է երկրի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի (ԱՊԽՔ) պաշտոնից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի համապատասխան հրամանագրում։
Դանիլովի պաշտոնանկության պատճառները պաշտոնապես չեն հաղորդվում։
Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Ալեքսանդր Լիտվինենկոն, ով նախկինում զբաղեցնում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։
Լիտվինենկոյի փոխարեն արտաքին հետախուզությունը կղեկավարի Օլեգ Իվաշչենկոն։ Նրա նշանակման մասին հրամանագիրը հրապարակվել է նաեւ Ուկրաինայի նախագահի կայքում։ Նախկինում Իվաշչենկոն աշխատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։
Ալեքսեյ Դանիլովը Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերին։
1994–1997 թվականներին Դանիլովը եղել է Լուգանսկի քաղաքապետը (քաղաքի պատմության մեջ ամենաերիտասարդը), իսկ 2005 թվականին գլխավորել է Լուգանսկի շրջանային վարչակազմը։ Դրանից հետո Դանիլովը եղել է ուկրաինական Ռադայի 5-րդ գումարման ժողովրդական պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյի դաշինքից։