Գյումրու համայնքային ցուցասրահում բացվել է գյումրեցի նկարչուհի Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը։
Նրա շուրջ երեք տասնյակ նկարները հանդիսատեսին մտովի տարել են Շուշի, այնուհետեւ վերադարձրել Գյումրի: Արցախցի տատիկ-պապիկներին միացել էին նաեւ գյումրեցիները: Բացի այդ, ցուցադրվող շարքում ներկայացված էին տարվա գլխավոր հոբելյարներին՝ Սերգեյ Փարաջանովին եւ Շարլ Ազնավուրին նվիրված ստեղծագործություններ:
Նկարչուհին ցուցադրված աշխատանքները ստեղծել է պատերազմից հետո, երբ նրա ստեղծագործությունների մի զգալի մասը փրկել չէր հաջողվել. մնացել էին Շուշիում: Արվեստագետը փորձել էր նորերը ստեղծել, բայց ասում է՝ ոչ մեկը նախորդներին նման չեղավ: «Բոլորովին նոր նկարներ ստացվեցին: Եթե կորցրած ստեղծագործությունների մեջ մարդը քիչ էր, նորերում մարդիկ ու կերպարներ հայտնվեցին»:
Ժակլինան նկարների մասին խոսել չի սիրում. «Ես չեմ խառնվում, թող հանդիսատեսն ու կտավներն իրար հետ խոսեն, իրար հասկանան» եւ վստահեցնում է, որ գեղեցիկի մեջ Էներգետիկ դրական դաշտ կա: «Երբ աչքդ գեղեցիկն է տեսնում, ներսդ նույնպես գեղեցկանում է»:
Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը տեղեկացնում է՝ ստեղծագործություններից շատերը քաղաքում ցուցադրվում են առաջին ու վերջին անգամ: Մեկ ամսից նույն շարքը հեղինակի՝ Փարիզում արված եւս մի քանի նկարների հետ կցուցադրվի արտասահմանում: «Ժակլինա Սարգսյանի ստեղծագործությունները արտասահմանյան ցուցադրություններից հիմնականում հետ չեն գալիս. արագ վաճառվում են»:
Գյումրեցի արվեստաբան Արաքս Մարգարյանը Ժակլինա Սարգսյանի արվեստը կարծրատիպեր կոտրող է համարում: «Նա կին-արվեստագետ է, որ համատեղում է ընտանիքի հոգատար մոր ու բազմազբաղ արվեստագետի կենցաղը, նկարազարդում է եկեղեցիներ, համարժեք դրսեւորում իր տաղանդը թե՛ նկարչության, թե՛ դիզայնի ասպարեզներում: Ստեղծագործելը Ժակլինայի համար ապրելու ձեւ է ու կյանքի իմաստ»,-ասում է արվեստաբանն ու վստահեցնում, որ Ժակլինան հյուսում է իր կյանքի հեքիաթը՝ դիտողին դարձնելով համախոհ ու մասնակից:
Ցուցահանդեսը Գյումրիում բաց կլինի մեկ ամիս:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։