Այժմ իրական ժամանակն է որպեսզի ԵՄ-ն Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար համարձակ եւ էական քայլեր ձեռնարկի։ Այս մասին ասվում է Դանիայի նախկին վարչապետ եւ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարած «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբի մարտի 27-ին հրապարակված զեկույցում։
«Արմենպրեսի» փոխանցմամբ զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Հեղինակները ընդգծում են․ ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պետք է պաշտպանված լինի իրական, բովանդակային աջակցությամբ։
Զեկույցի տեքստում նշվում է, որ Ադրբեջանի կողմից դեռեւս 2021 եւ 2022 թվականների հարձակման հետեւանքով Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք գտնվում է օկուպացիայի տակ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ինքնիշխանության համար, իսկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ զեկույցում ասվում է, որ դրանով Բաքուն Երեւանի դեմ հետագա հարձակման համար փորձում է տեղեկատվական դաշտ ապահովել։
Մատնանշվում է նաեւ նախագահ Ալիեւի սպառնալիքներն՝ ուղղված ՀՀ մայրաքաղաք Երեւանին, որի նկատմամբ եւս Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք պահանջել, որը չստանալու դեպքում սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ օկուպացնելու համար ՀՀ Սյունիքի մարզը։
Տեքստում ընդգծվում է, որ Թուրքիան եւս կարող է իր մասնակցությունն ունենալ, հավանական ագրեսիայի մեջ, քանզի շարունակում է սերտորեն կապված լինել Ադրբեջանի հետ։
Ընդգծվում է, որ նման համատեքստում, անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարեւոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները եւ կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։
Խոսքը վերաբերում է ինչպես համատեղ վարժանքներին ու զորավարժություններին, այնպես էլ եվրոպական երկրների հետ ռազմական հարաբերությունների սերտացմանը։ Այս քայլով Եվրոպական Միությունը նաեւ կարեւոր ազդակ կուղարկի Բաքվին եւ Անկարային։ Այս համատեքստում զեկույցի համահեղինակները կարեւորում են նաեւ ՀՀ զինված ուժերի բարեփոխումը եւ արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաեւ ժամանակակից արեւմտյան տեխնիկայի կարիք ունի։
Անդրադառնալով նաեւ Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժեք ունի Հայաստանի համար անվտանգության առումով, քանի որ Ադրբեջանի իրականացրած հարձակումներից հետո այն աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարմամբ: