Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրութան մեջ։
Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Նա նաեւ կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ ձեւավորված ամուր կապերը եւ ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը:
Անն-Լորանս Պետելը նշել է, որ բարեկամական խմբի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների գործունեությանը, ներդրումային ծրագրերում ներգրավմանը, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին եւ ընդգծել, որ պայմանագրի սկզբունքները հիմնարար կերպով համաձայնեցվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությամբ: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության, Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին ու ծրագրերին: Արցախահայերի կարիքների լուծման առումով վարչապետ Փաշինյանը կարեւորել է նաեւ միջազգային հանրության հետեւողական աջակցությունը: