Հիվանդանոցում մահացել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության եւս մեկ վիրավորված։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն։
Այսպիսով, ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի։
Մուրաշկոն նշել է, որ եւս չորս հիվանդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 19-ինը (այդ թվում՝ երեք երեխա)՝ ծանր։ 34 տուժածների վիճակը միջին ծանրության է, իսկ 23 անձ նախապատրաստվում է դուրսգրման։
Մարտի 26-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են այրված կենտրոնի փլատակների մաքրուման աշխատանքները։ Հաղորդվում է, որ դիակների որոնողական աշխատանքներ այլեւս չեն ընթանում։ Զոհվածների նախնական ցուցակում ընդգրկված է եղել դատաբժշկական փորձագետների կողմից արդեն իսկ ինքնությունը ճանաչված 120 մարդ։
Համերգասրահի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Այդ պահի դրությամբ շենքում գտնվել է ավելի քան 600 մարդ։ Զինված անձնանց խումբը կրակահերթեր է արձակել այցելուների ու հանդիսատեսների ուղղությամբ, որից հետո շենքը հրկիզվել է։
Միջազգային ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը հարձակման կազմակերպման պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Բերման է ենթարկվել 12 կասկածյալ, որոնցից չորսը մեղադրվում են հարձակմանը անմիջական մասնակցություն ունենալու մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարծում է, որ հարձակվողներին կարող էր աջակցել Ուկրաինան: