Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլեւ մարդկության ապագայի վրա։ Այս մասին Պեկինի Ժողովրդական ժողովի Մեծ դահլիճում կայացած ամերիկացի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը։
«Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաեւ մարդկության ապագան ու ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք Չինաստանն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն կամ հակադրվեն միմյանց»,- Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ այս մասին ասել է Չինաստանի առաջնորդը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ «քանի դեռ երկու կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում են միմյանց շահերը, խաղաղ գոյակցում են եւ համագործակցում են փոխշահավետ արդյունքների համար, երկկողմ հարաբերությունները կբարելավվեն»։
Սի Ցզինպինը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների միջեւ փոխհարաբերությունների ինտենսիվությունը կավելանա։
Նրա խոսքով՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է ճիշտ ռազմավարական փոխըմբռնում հաստատեն, պահպանեն երկկողմ հարաբերությունների կայունացման թափը եւ նպաստեն դրանց հետագա զարգացմանը։
«Համաշխարհային տնտեսության վերականգնման խթանումը եւ միջազգային ու տարածաշրջանային ճգնաժամերի լուծումը պահանջում են Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համակարգում եւ համագործակցություն […]: ԱՄՆ-ը եւ Չինաստանը պետք է աշխատեն ճիշտ ռազմավարական փոխըմբռնում հաստատելու, զգայուն հարցերը պատշաճ կերպով լուծելու եւ չին-ամերիկյան հարաբերությունների կայունացման թափը պահպանելու ուղղությամբ»,-նշել է Սի Ցզինպինը։