Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այցի ընթացքում կայացել է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի եւ ղեկավար կազմի հետ, որից հետո արտգործնախարարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Հաջորդիվ Միրզոյանի եւ քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների եւ հյուրերի հետ։
Իր խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, ընթացիկ այցի շրջանակներում եւ նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։
Քննարկման ու հարցուպատասխանի ձեւաչափով նախարար Միրզոյանն անդրադարձել է նաեւ ավելի լայն՝ ՀՀ արտաքին քաղաքական, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի։
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով նախարարը շեշտել է, որ դրանք հիմնված են ՀՀ պետականության, ինքնիշխանության շարունակական ամրապնդման, ՀՀ համար կայուն զարգացման միջավայրի ապահովման նպատակների վրա։ Ներկայացվել են ինչպես հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ այլ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները։