Արեւմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող եւ ՌԴ-ի դեմ օգտագործվող F-16 կործանիչները համարվելու են ռուսական բանակի օրինական թիրախներ՝ անկախ դրանց գտնվելու վայրից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ին Տորժոկում օդաչուների հետ հանդիպմանը։
Պուտինի խոսքերով ռուսական բանակը պատրաստ է ոչնչացնել թշնամու ցանկացած տեխնիկա՝ լինի դա տանկ, ինքնաթիռ, թե կործանիչ։
«Եթե նրանք Ուկրաինային F-16-եր մատակարարեն, որի մասին խոսում են եւ կարծես թե օդաչուներ են պատրաստում, ապա դա չի փոխի իրադրությունը մարտի դաշտում։ Եվ մենք կոչնչացնենք ինքնաթիռները, ինչպես այսօր ոչնչացնում ենք տանկերը, զրահատեխնիկան եւ այլ սարքավորումները, ներառյալ հրթիռային համազարկայաին համակարգերը։»,- նշել է ՌԴ նախագահը։
Պատասխանելով այն հարցին թե արդյո՞ք ռուսական բանակը F-16-երը պետք է խոցի նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդանավակայաններում, եթե դրանք կիրառվեն այնտեղից, Պուտինը նշել է․ «Իհարկե, եթե դրանք օգտագործվում են երրորդ երկրների օդանավակայաններից, դրանք մեզ համար օրինական թիրախ են դառնում, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում»։
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ ուսումնասիրվում է նաեւ այն հարցը, թե արդյոք կործանիչների այս տեսակները կարող են միջուկային զենք կրել։ Նրա ընդգծել է, որ մարտական աշխատանքը կազմակերպելիս զինվորականները «այդ հարցը հաշվի կառնեն»։
Մարտի 19-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիեւը շարունակում է համագործակցությունն արեւմտյան երկրների հետ F-16 կործանիչների մատակարարման հարցում։ Նրա խոսքով, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Դանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ մի շարք այլ երկրների հետ։